ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երրորդ իրական ընդդիմության անհրաժեշտությունը Հայաստանում օրակարգային է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՇ պետի պաշտոնին Արտակ Դավթյանին նշանակելու շուրջ նախագահը և վարչապետը կարծես համաձայնության չեն գալիս և նախագահը չի ստորագրել նրան նշանակելու փաստաթուղթը,ինչպես նաև օրեր առաջ չէր ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

—Պարոն Քանանյան, Ձեր գնահատմամբ, այս քայլով նախագահը փորձում է պահպանել քաղաքական չեզոքություն և իշխանությանն ու ընդդիմությանը մի սեղանի շուրջ հրավիրելով` լուծել քաղաքական իրավիճակը, թե նա իսկապես համաձայն չէ վարչապետի որոշումների հետ։

— Ակնհայտ է, որ երկրում առկա է խիստ անկայուն իրավիճակ և նախագահը, բնականաբար, հաշվի առնելով նաև իր և իր թիմի պատկերացումները, ինչու չէ նաև շահերը, այնուամենայնիվ առաջնահերթորեն ջանում է պահպանել կիսված հասարակության հատվածների միջև փոխհավասարակշռություն և այսպես ասած գործնական, եթե ոչ համերաշխություն, ապա համակեցության հետագա եզրեր գտնելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ անկախ բոլոր հանգամանքներից, շարունակել փակ աչքերով ստորագրել, կատարելապես ոչ ադեկվատ և բժշկական, և քաղաքական մոլագարության բոլոր սահմանները հատած Հայաստանի ներկայիս վարչապետի բոլոր հրամանագրերը, խոհեմ և երկրի շահերից բխող մոտեցում չէ։

— Ձեր կարծիքով, նախագահին կհաջողվի իր վարած քաղաքականությամբ զերծ պահել քաղաքական բախումները։

— Չեմ կարծում, որ այդ հարցում նա կարող է վճռորոշ դերակատարում ունենալ, որովհետև հասարակության տարբեր հակադիր հատվածներ, քաղաքական բևեռներ (խիստ պայմանական իմաստով բևեռ, որովհետև գործնականում միևնույն քաղաքական հայեցակարգային գաղափարախոսական ժառանգականություն կրող, միևնույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված ճահճի արգասիք են), տարբեր պայմանական հրապարակներում իրար դեմ մարտնչող քաղաքական խմբավորումները, բայց նրանց կարողությունների շրջանակն է որոշելու բախումների հնարավորությունը, որովհետև այսօր կարծես թե դեռ փակուղային իրավիճակ է և իրենք չեն կարողանում զգալի և լիակատար առավելություն ունենալ մեկը մյուսի նկատմամբ։ Այս իմաստով կրկնում եմ նախագահի ջանքերը կարող են կարևոր լինել, բայց ակնհայտորեն և գործնականում վճռորոշ լինել չեն կարող բախումները կանխարգելելու համար, եթե այդպիսիք լինեն, քանի որ բացառված չէ, որ չեն լինի։

— Հասարակության մեջ կա այնպիսի կարծրատիպ, որ ներկա իշխանություններին մերժում են, մերժում են նաև նախկինների վերադարձը։ Այդ համատեքստում  «Թովմասյան հիմնադրամի» ղեկավար Արտակ Թովմասյանը երկու օր առաջ հայտարարեց, որ ստեղծում են նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտում հաջողությունների հասած մարդկանցով։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս նոր ուժի հնարավորությունները։

— Հետևյալը կարող եմ ասել, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանության հարատևման գլխավոր գրավականը 17-ի քաղաքական անցյալն է ու կազմը, դա չափազանց կարևոր է, երբ Վազգեն Մանուկյանը խոսում է իշխանության երեք հիմնասյուների մասին, մոռանում է հիշատակել ամենակարևոր հիմնասյունը, որ հենց ինքն է իրեն առաջ մղած քաղաքական գործիչները լիովին մերժելի և լիովին սպառված կերպարներն են։ Ուստի, բնականաբար երրորդ, իրական ընդդիմության անհրաժեշտությունը Հայաստանում օրակարգային է և հրամայական է երկիրը փրկելու համար։ Բայց մեր հասարակությունը քանի դեռ համոզված չի լինի, որ նրանք ունակ են հաղթելու և փոխարինելու իշխանությանը և կանխելու նախկինների վերադարձը, զանգվածային աջակցություն չի ցուցաբերվելու, թեպետև այդպիսի խմբերի այս կամ այն ներկայացուցչի հանդեպ հասարակության մեջ կարող է նաև դրական վերաբերմունք իշխել։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular