Սուր շնչառական վարակների ակտիվացում կա. միայն մեկ օրում 1800 երեխա տուն է ուղարկվել. ԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան:
Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:
Սուր շնչառական վարակների եւ գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում եւ դպրոցներում իրականացվում է «կանխարգելիչ ֆիլտր»: Վերջինիս նպատակն է գրիպանման երեւույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից եւ վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար: Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված «կանխարգելիչ ֆիլտր»-ի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:
«ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց եւ մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու եւ բարդություններից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ հանրապետությունում, ինչպես նաեւ եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը եւ այլ շնչառական վարակների հարուցիչներ:
ԱՆ-ն միաժամանակ հորդորում է հանրությանը եւ զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից եւ հետեւել պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: