ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են միլիոնավոր դոլարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ քննարկվել էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության հարցը։ Ռոբերտ Քոչարյանը քննարկումից ստացած տպավորությունը համարում է մտահոգիչ, քանի որ վարչապետը հայտարարել է, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ինչևէ, Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի, դրա գործունեության հեղինակազրկման մասին խոսելիս, մարդիկ պատասխաններ են փնտրում, թե պատերազմի ժամանակ իրենց կողմից Հիմնադրամին ուղարկված տասնյակ միլիոնավոր դոլարներն ուր են, ինչի վրա է ծախսել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Չկան այս հարցերի պատասխանները, չկա նաև այն հարցի պատասխանը, թե Կառավարությունն ի՞նչ իրավունքով է Հիմնադրամից միլիարդավոր դրամներ վերցրել: Մարդիկ այդ գումարները հանգանակել են բանակի, զինվոր համար, այլ ոչ թե Կառավարության ընթացիկ ծախսերը փակելու համար:

Հիշո՞ւմ եք սփյուռքահայ այն երիտասարդին, ով դրսում աշխատելով՝ 20 տարի շարունակ տուն գնելու համար փող էր հավաքել ու պատերազմի օրերին առանց մտածելու այն փոխանցեց Համահայկական հիմնադրամին: Հիմա Փաշինյանը պետք է հաշվետվություն տա, այդ երիտասարդի, թոշակառուի, ուսուցչի, ի վերջո բոլորի կողմից ուղարկված գումարները, որ լցրեց ընդհանուր բյուջեի մեջ, ինչ նպատակով է ծախսել, հակառակ դեպքում ողջամիտ կասկածներ կան, որ դրանք վերածվել են պարգևավճարի, որպեսզի իր «ուսապարկերն» ու ոստիկանությունը հնազանդ ծառայեն իրեն: Իհարկե, մի օր անպայմանորեն կպարզվի, թե ուր են փողերը, կամ ինչի վրա են ծախսվել, մեղավորներն էլ պատասխանատվության կկանչվեն, բայց այս իշխանությունների օրոք դա չի լինի, քանի որ ոչ մի իշխանություն չի կտրում ճյուղը, որի վրա նստած է:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular