ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանի ցածր որակը պայմանավորված է ռեյտինային ընտրակարգի կիրառումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում իշխանությունների հետ կոնսենսուս արտահերթ ընտրությունների շուրջ՝ պայմանով, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև հունիսի մեկը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

—Պարոն Քեռյան, հիմա, երբ դեռ Ընտրական օրենսգիրքը փոփոխված չէ, որքանո՞վ է նպատակահարմար ընտրությունների անցկացումը։ Ի՞նչ խնդիր է լուծում խորհրդարանական ընդդիմությունը` գործընթացն արագացնելով։

—Կարծում եմ խորհրդարանական ընդդիմությունը չորս ամիս ուշացել է։ Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ, երբ  բողոքի ակցիաները բավականին բարձր թափ էին հավաքել, Նիկոլ Փաշինյանը ինքը երկու անգամ հրաժարվի, խորհրդարանը լուծարվի և գնան արտահերթ ընտրությունների։ Այդ ժամանակ և ԲՀԿ-ն, և ԼՀԿ-ն, և արտախորհրդարանական ընդդիմությունը չարձագանքեցին և չհրաժարվեցին կարգախոսից, որ Փաշինյանը հրաժարվի և Վազգեն Մանուկյանը դառնա ժամանակավոր վարչապետ և արտահերթ ընտրությունների քաղաքական քննարկումը դարձրին վարչապետի անձի քննարկում` չառաջարկելով նաև Փաշինյանին Վազգեն Մանուկյանով փոխարինելու այդ իրավական մեխանիզմը կամ սահմանադրական նորմը, որը  պետք է իրականացվեր։ Ինչևէ, երեք-չորս ամսվա ընդդիմադիր պայքարը ցույց տվեց, որ իշխանության և ընդդիմության մեջ կա մոտավորապես բալանսավորում։ Ոչ ընդդիմությունը կարողացավ հավաքել այդ կրիտիկական զանգվածը, որ իրականանա այն սցենարը, որով Վազգեն Մանուկյանը կդառնա ժամանակավոր վարչապետ, ոչ էլ իշխանությունը կարողացավ այնպիսի մեծ գերակայություն ձեռք բերել, որ ընդհանրապես օրակարգից հանի ընտրությունների անհրաժեշտությունը, չնայած որ նման փորձ արվեց մոտ մեկ ամիս առաջ, և «Իմ քայլը» խմբակցությունը քննարկեց ընտրությունների հարցը և ի զարմանս բոլորիս հայտաարեց, որ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Եվ ընդհամենը մեկ ամիս հետո նորից է հայտարարում, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։ Ըստ էության լրջությունը, հեռատեսությունը, կանխատեսման կարողությունը, նեղկլանային և հավաքական խմբակի խմբային շահերը պետական, ազգային շահերից ստորադասելը այսօր բնորոշ է դարձել Հայաստանի քաղաքական դաշտի և այս կողմին և այն կողմին։ Բայց, փառք Աստծո, ի վերջո կարծես Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը  համոզվում են, որ ամեն դեպքում ընտրություններ պետք է, այս առումով, իհարկե, ես դրական եմ համարում այն, որ երկու խորհրդարանական խմբակցությունները գնում են իշխանության հետ որոշակի համաձայնության։ Համաձայնությունը պետք է լինի այն հարցի շուրջ, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք նոր վարչապետ չեն ընտրի և դրանով կսկսվի արտահերթ ընտրությունների գործընթացը։ Արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է կրկին հին օրակարգը առաջ քաշել՝ Վազգեն Մանուկյանին վարչապետ նշանակելու համար, սակայն ինչպես տեսնում ենք Բաղրամյանը դատարկ է և չնայած  սկզբում մարդիկ էին հավաքվում, այսօր արդեն այդ քանակն էլ փոշիանում է։ Բնականաբար, մեր ուշադրությունը պետք է սևեռենք խորհրդարանական ընդդիմություն և իշխանություն փոխհարաբերությունների վրա և եթե այդ համաձայնությունը կայացել է, ուրեմն ես որպես քաղաքական փորձագետ դա գնահատում եմ դրական, որովհետև քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլ տարբերակ չկա։ Աշխարհի ժողովրդավարական երկրների 99․9 տոկոսը երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարում են միայն արտահերթ ընտրությունների միջոցով, բացառիկ դեպքերում նաև զինվորական հեղաշրջմամբ։ Ինչ վերաբերում է ընտրական օրենքին, ապա նախկին ընտրական օրենքը, որը հենվում է ռեյտինգային ընտրակարգի վրա 2017թվականին և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններին ցույց տվեց, որ շատ հեռու է խորհրդարանական կառավարման պայմաններում բարձր ժողովրդավարություն ապահովելուց։ Ըստ էության գնալով դեպի խորհրդարանական կառավարման համակարգ և հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունների Սերժ Սարգսյանի և նրա շրջապատը հնարեցին մի այնպիսի ընտրական օրենք, որ մինչև այսօր ես չգիտեմ, թե դա ինչ էր, դա ոչ համամասնական էր, ոչ մեծամասնական էր և մի այնպիսի սոդոմ-գոմոր համակարգ էր, որը  ուղղակիորեն լցրեց ժողովրդի համբերութան բաժակը և 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ մարդիկ տեսան թե ինչ որակի պառլամենտ է ձևավորվել այդ ռեյտինգային ընտրակարգով, երբ  2017 թվականի պառլամենտում օրինաստեղծ, գրագետ, ինտելեկտուալ հատվածը երևի 10 տոկոս էլ չէր կազմում, մյուսները քաղաքական ֆունկցիոներներ էին, պետական դաշտում սպառված մարդիկ և այլն և այլն։ Եվ հիմա բնականաբար շատ ճիշտ է փոխել ընտրական օրենսգիրքը և գնալ այնպիսի պարզ ընտրակարգի, որից  օգտվում են մոտ 300-400 տարի ժողովրդավարություն ունեցող երկրները։ 17-րդ դարից պառլամենտականություն ունեցող Անգլիայում կա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ, 600-ից ավել ընտրատեղամաս և մարդիկ գնում են ընտրում են մարդուն` հաշվի առնելով կուսակցությունը, Իտալիայում էլ 100 տոկոսանոց համամասնակն է և մարդիկ ընտրում են նախընտրած կուսակցությանը, իսկ թե այդ կուսակցությունը ինչ անձնակազմով կմտնի պառլամենտ դա թողնում են կուսակցության ընտրությանը։ Իսկ Հայաստանում ընտրվեց մի այնպիսի համարկարգ, որը  ես այսպես կարող եմ կնարագրել՝ աջ ձեռքով ձախ ականջը քորելու ընտրակարգ, երբ  կարելի է աջ ձեռքով աջ ականջը քորել, ձախ ձեռքով՝ ձախ ականջը։ Իսկ 2017 թվականին առաջադրված 2000-ից ավելի պատգամավորներից ոմանց կենսագրությունը ուներ երեք նախադասություն, ծնվել է այս թվականին, ապրում է այստեղ, դպրոցն էլ դեռ չի ավարտել։ Եվ այդ խառնաշփոթի մեջ կորավ և ժողովրդավարությունը և մենք 2017 թվականին ունեցանք ԱԺ, որ եղավ 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկը։ Եթե օրինակ բերեն այլ երկրի ընտրական օրենսգիրքը ուղղակի թարգմանեն և ընդունեն, ապա մենք կունենանք ավելի սոլիդ խորհրդարան, քան 2017 թվականին և 2018 թվականին էր, ի դեպ հենց ներկա խորհրդարանի որակի ցածր մակարդակը պայմանավորված է նույն ռեյտինային ընտրակարգի կիրառումից։

—Ինչ կարծիք ունեք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան այն հայտարարությանն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության երաշխավորության պահպանմամբ ապաստանի արտերկրում։

— Ես դժվարանում եմ ասել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն այս հայտարարությունն արեն է Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելուց հետո, թե սեփական նախաձեռնությունն է, ամեն դեպքում վատ առաջարկ չի արել նկատի ունենալով լարված մթնոլորտը, թշնամական հարձակումները քաղաքական թիմերի միջև, այդ սպառնալիքները, որոնք հիմա կան սոց ցանցերում և հռետորաբանության մեջ, գուցե ճիշտ կլինի որ իրավիճակը լիցքաթափելու համար նման առաջարկը կիրառվի։ Բայց ես իհարկե ենթադրում եմ, որ սա երևի առաջին նախագահի անհատական կարծիքն է և ինքը այդպիսի յուրահատուկ կարծիքներով և առաջարկություններով միշտ էլ աչքի է ընկել։ Բայց նրա առաջարկի մեջ իրատեսությունը, պրագմատիզմը, քաղաքական դատողությունը միշտ էլ շատ ավելի բարձր է եղել քան մյուսների մոտ։

—Թովմասյան հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը վերջերս ստեղծեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդիկ են։ Ի՞նչ կարծիք ունեք նոր ուժի մասին։

— Անկեղծ ասած, ես շատ մոտիկից ծանոթ չեմ, տեղեկատվությունը ունեմ, գիտեմ, տեսել եմ, շատ մարդկանց, ովքեր անդամագրվել են, ճանաչում եմ և դրական կարծիք ունեմ այդ մարդկանց մասին։ Պարզապես այսօր նմանատիպ խմբավորումներ, բացառված չէ նույնիսկ դաշինքներ` երրորդ ուժի անվան տակ առաջիկայում բավականին շատ կլինեն, որովհետև իսկապես լուրջ քաղաքական տեխնոլոգները հասկանում են, որ ոչ ներկա քաղաքական ուժը ունի այնպիսի բարձր վարկանիշ, ոչ էլ նրա դեմ գործող խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը։ Ըստ էության հիմա մենք ունենք հետևյալ պատկերը՝ բնակչության ընտրազանգվածի մոտ 60 տոկոսը բավականին պասիվ դիտորդի կարգավիճակ ընտրած և քաղաքական ակտիվությամբ աչքի չընկնող, մերժողականությամբ, աբսենտիզմի մեջ է,( աբսենտիզմը այն է, երբ որ մարդիկ իրենց դուրս են դնում քաղաքական գործընթացից և ցանկություն չունեն ընդհանրապես արձագանքել), որովհետև նախ այդ մարդիկ հիասթափվեցին 2018 թվականի հեղափոխության արդյունքներով, կրկնակի հիասթափվեցին և հարված ստացան Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները տեսնելով և այդ մարդիկ չեն մոռացել նաև նախկին իշխանությունների տասամյա տիրապետության ժամանակաշրջանը, ովքեր ըստ էության ոչինչ չարեցին Արցախի խնդիրը լուծելու և հանրապետությունը բերեցին վերջին պահին հանձնեցին մարդկանց, որոնք որ չունեին ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական աշխատանքի փորձ և մենք տեսանք այս արդյունքը, անկումը։ Բնականաբար երկկողմանի հիասթափությունը շատ մեծ է, ես նույնիսկ կասեի, որ 70 տոկոսը սպասողական և պասիվ կարգավիճակում գտնվող մարդիկ են և բացառված չէ, որ ընտրությունների նախօրյակին նրանք ակտիվանան և այն ուժերը որոնք,  կապ չունեն ոչ նախկինների և ոչ էլ ներկաների հետ կարող են բավականին մեծ ընտրազանգված իրենց հետ տանել։ Բայց Հայաստանը այն իրավիճակում է, որ մի փոքր ալիք կարող է ամեն ինչ շրջել այլ հունի վրա, եթե հեղափոխությունից առաջ հարցում լիներ, շատ քչերը կհավատային, որ հնարավոր է հեղափեխություն լինի բայց այդ վերջին 10-15 օրվա ակտիվությունը ընդլայնվեց և մարդիկ միացան «Մերժիր Սերժին» շարժմանը և դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանը այդ ալիքի վրա եկավ իշխանության։ Մենք դեռևս չունենք կայուն քաղաքական ավանդույթներ, զարգացած քաղաքական մշակույթ, մենք դեռ ժողովրդավար երկիր չենք, մեզ մոտ ամեն մի իրադարձություն կարող է վերածվել շատ լուրջ քաղաքական իրողության և նույնիսկ բերել իշխանափոխության։ Օրինակ Վրաստանում, երբ  Սահակաշվիլին փոխեց սահմանադրությունը, որ կրկին մնա իշխանության, ինչպես Հայաստանում նույն մոտեցումն ընդօրինակեց Սերժ Սարգսյանը, Սահակաշվիլին, քանի որ երրորդ անգամ նախագահ չէր կարող լինել փոխեց սահմանադրությունը, որ դառնի վարչապետ, ընտրությունից ընդամենը քսան օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, երբ Սահակաշվիլիի կողմնակիցները բանտային սկանդալի մասնակից դարձան և այդ տեսանույթի արդյունքում ընդդիմությունը հասավ նրան, որ Սահակաշվիլին զրկվեց իշխանությունից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular