ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՔԾ-ն լուծարվելու է. Ռուստամ Բադասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լուծարվելու է: Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախարարը հայտնեց, որ իրավապահ մարմինների և մասնավորապես ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը:

«Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:

Մրցութային կարգերի հաստատումից հետո այլ անձնանց հետ հավասար պայմաններում վերջիններս կկարողանան մասնակցել մրցույթի:

ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում:

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular