«Ես մատով անգամ չեմ դիպել». Ձորաղբյուրում տղամարդը մահացել է 27-ամյա եղբորորդու կողմից աչքին հասցված բռունցքի հարվածից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Սարգսյանի գործի դատական քննությունը:
27-ամյա Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Գործով տուժողը Նարեկի հորեղբայրն էր:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 19-ի սահմաններում Նարեկը հորեղբոր հետ գտնվել է Ձորաղբյուրի հանրակացարանի իր սենյակում: Նրանք մեկ շիշ օղի են խմել, ապա Նարեկը հորեղբորն ուղեկցել է նույն հանրակացարանում գտնվող՝ նրա սենյակ:
Հորեղբայրը ցանկացել է տանից դուրս գալ, Նարեկը չի թողել: Նրանք վիճել են միմյանց հետ:
Ըստ մեղադրանքի՝ չնախատեսելով հորեղբորը մահ պատճառելու հնարավորությունը՝ Նարեկը մեկ անգամ բռունցքով հարվածել է հորեղբոր աջ աչքի շրջանին՝ գանգի թաղի և հիմի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղում օջախային ու կետային արյունազեղումների, ներուղեղային արյունահավաքների, արյունազեղումներ ձևով հորեղբոր առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Այնուհետև Նարեկը ապտակ է հասցրել հորեղբորը և բռունցքներով հարվածել է նրա կրծքավանդակին՝ առաջացնելով ձախ թոքի սալջարդ, արյունազեղումներ, քերծվածքներ:
Աջ աչքի շրջանում բռունցքի հարվածից առաջացած ներգանգային վնասվածքների հետևանքով հորեղբայրը երեք օր անց՝ հոկտեմբերի 15-ին իր սենյակում մահացել է:
Նարեկ Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե «մատով անգամ չի դիպել հորեղբորը»:
Նարեկը պնդել է, թե նախաքննության ժամանակ քննիչը ինչպես ցանկացել՝ գրել է, քանի որ ինքն անգրագետ է, գրել չգիտի: Երբ ինքը ցուցմունք էր տալիս, իրեն տեսանկարահանել են: Քննիչը հարցրել է՝ մարդուն ո՞նց կծեծես: Ինքը չի հասկացել: Քննիչը նկարահանումը դադարեցրել է, ցույց է տվել «ձևերը», հետո ինքը կրկնել է նրա ցույց տված «ձևերը»: Այդպես նկարահանել են:
Հորեղբոր մահվան մասին իրեն զանգել ու հայտնել է հարևանը: Իրեն ասել են, թե մի թուղթ պիտի ստորագրի ոստիկանությունում ու գրի, թե որտեղ է եղել: Ոստիկանությունում ասել են՝ ոնց ասեն՝ էնպես գրի: Ասել են, թե իրեն երեք օր պահելու են Աբովյանի բաժնում և ուղարկելու են տուն: Բայց չեն ուղարկել, կալանավորել են:
Ինքը վերջին անգամ հորեղբորը տեսել է երեք օր առաջ:
Ինքն ու հորեղբայրն ապրում են նույն հանրակացարանում: Իրենք դեպքի օրը չեն վիճաբանել: Չնայած նույն շենքում են ապրել, բայց կարող էին օրերով իրար չտեսնել:
Հոկտեմբերի 12-ին ինքը ոգելից խմիչք չի օգտագործել: Դրանից երեք օր առաջ տեսել է հորեղբորը, ով խմած էր: Նա իրեն հարցրել է, թե ո՞ւր է գնում, ինքն էլ պատասխանել է՝ քո գործը չի: Հորեղբայրը թողել-գնացել է:
Պատահել է, որ իրենք վիճել են՝ երբ հորեղբայրը հայհոյանքներ էր տալիս: Պատահել է՝ իրար հայհոյել են, բայց չեն հարվածել:
Հոկտեմբերի 12-ին ինքը տեսել է հորեղբոր աչքի կապտուկը, հարցրել է, թե ինչ է եղել, նա ասել է, թե դռանն է հարվածել: Կապտուկը քանի գնացել՝ մեծացել է:
Քննիչն իրեն չի ստիպել, չի վախեցրել: Ուղղակի ասել է՝ էսպես լավ կլինի, ինքն էլ հավատացել ու քննիչի ասածով է արել:
Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Նարեկը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 19-ի սահմաններում ինքն ու հորեղբայրը իրենց սենյակում խմել են: Հորեղբոր «քեֆը լավացել է»: Նա իրեն ասել է, որ ուղեկցի տուն: Երբ ուղեկցել է, հորեղբայրը հանկարծ ցանկացել է տանից դուրս գալ: Ինքը թույլ չի տվել: Նրան պառկեցրել է բազմոցին: Նա չի ենթարկվել, անընդհատ ոտքի է կանգնել: Երբ նա մի քանի անգամ վեր է կացել, ինքը մեկ անգամ հարվածել է նրա աջ աչքին: Նա նորից վեր է կացել ու ոտքով խփել է իր հետևի մասին: Ինքը հարվածել է նրա կրծքավանդակին, հորեղբայրն ընկել է բազմոցին… Ինքը էլի մի քանի հարված է հասցրել, խառը կռիվ են արել, մանրամասները չի հիշում:
Ինքը դուռը փակել ու տուն է գնացել:
Առավոտյան հորեղբայրը եկել է իրենց սենյակ ու ասել է, որ կատարվածի մասին մարդ չիմանա, ամոթ է: Ինքը օղի է բերել, մայրը պոմիդորով ձվածեղ է արել, միասին կերել-խմել են, հետո հորեղբայրը գնացել է իր գործերով:
Մյուս օրերին էլ առավոտները հորեղբայրը եկել է, իրենց սենյակում սուրճ է խմել: Ինքը նրան միայն մահանալու օրը չի տեսել: Ինքը գնացել է աշխատանքի, իրեն զանգահարել է մյուս հորեղբոր որդին ու ասել է, որ Արմեն հորեղբայրը մահացել է:
Ինքը վազելով աշխատանքից եկել, տեսել է, որ հորեղբայրն իր սենյակում ընկած է հատակին: Մահից առաջ ինքը հորեղբոր դեմքին տեսել է աչքի կապտուկը, ուրիշ վնասվածք չի տեսել: Հորեղբայրն իրեն չի ասել ուրիշ անձի հետ կռվելու մասին, եթե նման բան լիներ, կասեր:
Հենց այս՝ որպես կասկածյալ հարցաքննությունն էլ տեսանկարահանվել է:
Որպես մեղադրյալ հարցաքննվելով՝ Նարեկը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: Ասել է, որ զղջում է և չի կարծում, որ իր հարվածի հետևանքով կարող էր մահ պատճառել հորեղբորը:
Հետագայում՝ լրացուցիչ հարցաքննության ժամանակ, Նարեկ Սարգսյանն արդեն իրեն մեղավոր չի ճանաչել:
Գործով վկաները նշել են, որ աչքին հարված ստանալուց հետո տուժողը երկու օր բողոքել է ուժեղ գլխացավից, նույնիսկ գլխացավի դեղ է խնդրել, բայց բուժօգնության չի դիմել, չի կարևորել աչքի շրջանում ստացած հարվածն ու առաջացած կապտուկը, որը գնալով մեծանում էր: Բոլոր հարցնողներին տուժողն ասել է, թե աչքի կապտուկն առաջացել է պատի անկյունին դեմքով հարվածելու հետևանքով:
Տուժողի դիակը հայտնաբերել են սենյակում՝ մահճակալի կողքին, հատակի վրա ընկած:
Տուժող Արմենն աշխատել է որպես այգեպան: Ըստ վկայությունների՝ նա էր եղբորորդի Նարեկի համար աշխատանք գտել:
Նարեկ Սարգսյանն ապրում էր խուլուհամր մայրիկի հետ, վատառողջ մայրը գտնվել է Նարեկի խնամքին:
Նարեկի վերաբերյալ դատական ակտում նշված է՝ «անգրագետ»: Նրա մոտ մտավոր խնդիրներ են հայտնաբերվել, որոնք, ըստ բժշկական եզրակացության, արտահայտված չեն այն աստիճանի, որ անձին զրկեին իր գործողությունների համար հաշիվ տալու, դրանք հասկանալու ունակությունից:
Դատաբժշկական փորձագետը բացառել է, որ տուժողի աչքի շրջանում եղած վնասվածքն առաջանար դեմքով պատին կամ դռանը հարվածելու հետևանքով: Նման ուժգնության հարված կարող էր հասցվել նպատակաուղղված, կոշտ, բութ առարկայով, մասնավորապես՝ բռունցքով:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ից: