ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն դեռևս սպասում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

«Հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման վերաբերյալ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է Ֆեյսբուքում գրառում արել. «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»:

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ է նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այդ մասին ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է Ֆեյսբուքում գրել։ Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։

«Վարչապետը, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը», - նշել է Մարուքյանն իր գրառման մեջ։

Շատերը այս օրերին հետաքրքրվում էին, թե ՀՀԿ-ն ի՞նչ դեր է ունենալու այս ընտրություններում և այդ պատճառով 1or.am կայքը կապ հաստատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ պարզելու համար, թե արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին։ Հարցին ի պատասխան Շարմազանովը ասած, որ իրենք սպասում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությանը, որից հետո կքննարկեն․

«Երբ ԿԸՀ-ը պաշտոնապես կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ կքննարկենք և կտեղեկացնենք»։

Առայժմ նաև հստակ չէ, թե իշխանությունն ընտրությունների գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրական օրենսգրքով է գնալու: Իշխող ուժից հայտնում են` դեռ այդ հարցը որոշված չէ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular