ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դեռ հետընտրական ցնցումների փուլ ենք ապրելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն հայտարարել է, որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իրենք հնարավոր չեն համարում, որ ԱԺ քաղաքական ուժերն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի կգան։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

— Պարոն Սարոյան, ըստ ձեզ այս ընտրությունները ո՞ր Ընտրական օրենսգրքով պետք է լինեն, փոփոխված թե՞ ներկա օրենսգրքով։

— Ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր գիտակից մարդիկ գիտեն, որ ներկա ընտրական օրենսգիրքը չի համապատասխանում որևէ տեսակի ժողովրդավարական ընտրություն անելու չափանիշներին։ Եվ այդ փոփոխությունը անհրաժեշտություն է։ Հիմա այն, որ ներկա ընտրական օրենսգիրքը չի համապատասխանում, բնականաբար երեք տարի պահանջվում էր, և հիմա էլ վերջին տարիներին պահանջվում էր, որ այդ օրենսգիրքը փոխվեր։ Հիմա այն, որ չի փոխվել նշանակում է, որ հին օրենսգիրքը իր բոլոր արատներով հանդերձ ազդեցություն գործելու է, եթե այդ ընտրական օրենսգրքով քաղաքական միավորները գնան ընտրությունների։

 —Մարտի 1-ի հանրահավաքից հետո իշխանությանը մեղադրում էին վարչական ռեսուրսի կիրառելու մեջ, ինչ եք կարծում ընտրություններին ևս իշխանությունը կգնա նման ճանապարհով։

— Եթե ընտրությունները իրենք կազմակերպեն, այս քաղաքական իրավիճակը պահպանվի և գործող կառավարությունը մնա ընտրական գործընթացի կազմակերպիչ, բնականաբար, վարչական ռեսուրս կկիրառվի։ Այս ընթացքու էլ եղած բոլոր ընտրությունները դա են վկայում։ Հիմա էլ բազում են օրինակները, օրինակ, գործող վարչակազմի հրավիրած հանրահավաքին, կամ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումներին վարչական ռեսուրս է կիրառվում։ Որևէ այլ փաստ չկա, որը կվկայի, որ չի կիրառվի վարչական ռեսուրս, բնականաբար կիրառվելու է։

—Ինչ եք կարծում, այս ընտրությունները կարող են մեղմել երկրում ստեղծված լարվածությունը։

— Լարվածության մեղմացում` տեսականորեն կարող է ինչ-որ մեղմացում լինել, բայց մեծ հաշվով, Հայաստանի խնդիրները մնալու են, ներքաղաքական խնդիրները մնալու են, ճգնաժամը մնալու է, որովհետև առաջիկա ընտրությունները այն ֆորմատն է, որ հիմա փորձ է արվում կազմակերպել, դրանք այդ խնդիրների լուծմանը չեն հանգեցնելու, մենք դեռ հետընտրական ցնցումների փուլ ենք ապրելու, հանրությունը ևս մեկ անգամ տեսնելու է կեղծված ընտրություններ, տեսնելու է վարչական ռեսուրսի կիրառում։ Եվ անկախ ամեն ինչից այդ արատավոր շղթան շարունակվելու է նախորդ քսաներեք տարիների եղածը, մինչը 2018 թվականի եղածը, այդ արատավոր շղթան նորից վերաբացվելու է։

—Քաղաքական ուժերը վերջին ամիսներին, թեպետ հանրահավաքներ են անում, սակայն հասարակությանը կոնկրետ ծրագրեր չեն ներկայացնում։ Նախընտրական շրջանում ի՞նչ պետք է ներկայացնել մարդկանց, որպեսզի կարողանան կողմնորոշվել ընտրություն կատարելիս։

— Նորմալ ժողովրդավարական ընտրություններում հենց ծրագիր պետք է ներկայացվի, իհարկե, նախընտրական փուլ դեռ չենք մտել, որ կարողանանք այդ ծրագրերը գնահատել, բայց դա է հիմնական պայմանը։ Քաղաքական միավորները պետք է հանդես գան ծրագրով, որը ցույց կտա իրենց ակնկալիքը և թե ինչ արդյունք են իրենք սպասում ընտրվելու դեպքում Հայաստանում փոփոխություններ լինելու տեսանկյունից։ Մնացածը այլ չափանիշներ չեն կարող լինել, քանի որ ժողովրդավարության հիմնական իմաստը, որ ուժերը հանդես գան ծրագրով և որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի այդ ծրագիրների միջև։ Ցավոք մինչ այս մեզ մոտ դա խաթարված է եղել և մենք ծրագրերի միջև ընտրություն չենք կատարել, դրա համար էլ մենք մինչ այս տեսել ենք նախորդ տարիներին՝ ընտրակաշառքը ձևով և այլ մեթոդներով ընտրվում են պատգամավորներ, քաղաքական միավորներ և երկիրը մնում է այդ ճահճի մեջ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular