ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Փաշինյանն էր ասում՝ շուտով մարդիկ «հացին կակա» են ասելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև իշխանության գալը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե կա կախարդական փայտիկ, և հնարավոր է, օրինակ, բենզինի գնի հարցը մի քանի ժամում լուծել։ Այսինքն իջեցնել՝ համապատասխանեցնելով նավթի միջազգային շուկայում առկա գներին։ Նույն բանը նա ասում էր առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին։ Ըստ էության, շատ դեպքերում Հայաստանում որոշակի ապրանքների գները ոչ թե պայմանավորված են եղել դրանց միջազգային շուկայում առկա գների հետ, այլ պայմանավորված են եղել դրանք ներկրողների մենաշնորհային դիրքով։ Օրինակ, ձեթ, շաքարավազ, թռչնի միս ներկրողը երբ ուզել թանկացրել է, երբ ուզել էժանացրել է դրանց գները, քանի որ մրցակցություն չի եղել և, ըստ էության, հիմա էլ չկա։

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո նաև հայտարարում էր, որ այլևս ով ինչ ուզի կարող է ներմուծել։ Իհարկե, հերթական սուտն էր դա, քանի որ վերջին 3 տարում ով ինչ ներմուծում էր, շարունակեց ներմուծել, քանի որ այդ գործարարները սահուն անցան Նիկոլի «թրի տակով» ու դարձան նրա «սրտի օլիգարխները»։ Փաստ է, որ որևէ պատահական գործարար չի կարող բենզին, շաքարավազ ու ձեթ ներմուծել, քանի որ այնքան խոչընդոտներ կհարուցեն, որ սահմանին ապրանքը կփչանա։ Ինչևէ, ոչինչ չի փոխվել մեր երկրում ու դժվար էլ փոխվի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ձախողել է տնտեսական քաղաքականությունը, այլև երկրում ստեղծել է այնպիսի քաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակ, որ որևէ գործարար չի ցանկանում ներդրումներ իրականացնել մեր երկրում։ Ավելին՝ կապիտալի արտահոսքը մեծ չափերի է հասնում, քանի որ գործարարները բիզնեսի համար բարենպաստ միջավայր չեն տեսնում ո՛չ հիմա, ո՛չ տեսանելի ապագայում։

Տնտեսական խնդիրներն են պատճառը, որ բյուջեի մուտքեր չեն ապահովվում, իսկ այդ բացը փակելու համար Կառավարությունը վերջերս թողարկեց եվրոբոնդեր, որպեսզի կարողանա մի քանի ամիս ևս աշխատավարձ ու թոշակ տալ։ Բայց դա չի խանգարում, որ պետական ապարատը շարունակի պարգևավճարներ ստանա։ Իրավիճակի նկարագիրն է՝ խրախճանք ժանտախտի ժամանակ։ Այդուհանդերձ, մի քանի օր է աղմուկ է շուկայում ձվի գնի աննախադեպ աճով։ Նույնը բենզինի մասով։ Այն, ինչ տեղի է ունենում ապրանքների գների հետ օրինաչափ է այն իմաստով, որ չէր կարող ուրիշ բան լինել մի երկրում, որի ապիկար իշխանությունները տնտեսությունը հասցրել են քայքայման, որտեղ տոտալ ամենաթողություն է ու անիշխանություն։ Նիկոլին ոչինչ չի հետաքրքրում, բացի իր իշխանության վերարտադրությունը, իր աթոռը։ Ոչի՞նչ որ ոչ ուշ ապագայում մարդիկ «հացին կակա» են ասելու, ինչպես սիրում ասել ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular