ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններում իշխող ուժը և նախկինները միմյանց կմեղադրեն աշխարհի բոլոր չարիքների մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնի է որ հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են լինելու։ Քաղաքական ուժերը վերջին ամիսներին, թեպետ հանրահավաքներ են անում, սակայն ստեղծված ճգնածամից դուրս գալու ելքեր և իրենց գործունեության համար հստակ ծրագրեր չեն ներկայացնում։ 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ` հասկանալու համար, թե արտահերթ ընտրություններից առաջ ներկայացվող ծրագրերում ինչ առանցքային կետեր պետք է ներկայացնեն քաղաքական ուժերը։

—Պարոն Ղևոնդյան, արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից ներկայացվող ծրագրերում ի՞նչ հիմնական դրույթներ պետք է լինեն։

— Դե քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին բևեռացված է, ինչը համապատասխանում է, թե ներկա իշխանության, թե մարգինալացված նախկինների շահերին։ Ամենայն հավանականությամբ ընտրությունների գործընթացը կտեղավորվի այդ տրամաբանության մեջ և ամենայն հավանականությամբ երկու հիմնական խաղացողները, այսինքն ներկա իշխող քաղաքական ուժը և նախկինները, միմյանց կմեղադրել աշխարհի բոլոր չարիքների մեջ և այդպիսով կփորձեն ստանալ ընտրողների քվեները։ Այստեղ շատ կարևոր է մի փոփոխություն, որը պետք է լինի ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որի մասին այժմ շատ են խոսում։ Եթե ընտրությունը տեղի ունենա և երկիրը անցնի ամբողջական համամասնական ընտրակարգի և վերացվի ռեյտինգային ընտրակարգը և նոր օրենսգրքում բավականին շատ միտումներ կան նաև այլ սկզբունքային հարցերի, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի կողմից ռեսուրսների օգտագործման և ֆինանսական միջոցների օգտագործմանը։ Եթե այդ գործընթացները ընթանան, ապա որոշ չափով ընտրությունների համակարգը գաղափարական կդառնա։ Այդ դեպքում արդեն քաղաքական ուժերը կառաջնորդվեն սեփական գաղափարներով կխոսեն հասարակության հետ և հասարակությանը կկարողանան գրավել։

— «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածություններին ջուրը կլցվեն, ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։

— Խոսքը այն պայմանավորվածության մասին է, որի մասին հասարակության լայն զանգվածը տեղյակ է, որ արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհին, երբ վարչապետը հրաժարական տա, ապա քաղաքական ուժերը այլ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փորձում է շանտաժի ենթարկել իշխող քաղաքական ուժին, որ հին Ընտրական օրենսգրքով տեղի ունենան ընտրությունները։ Կարծես թե առաջին հայացքից «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը այնքան էլ ձեռնտու չէր հին Ընտրական օրենսգիրքը, սակայն քաղաքական դաշտում կան այլ դերակատարներ, որոնք կցանկանային, որ հին Ընտրական օրենսգրքով տեղի ունենան ընտրությունները և ամենայն հավանականությամբ ԼՀԿ-ն փորձում է պաշտպանել նրանց շահերը։

—Այսօրվա նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ ԼՀԿ-ն ցանկանում է գործող Ընտրական օրենսգրքով անցկացնել սպասվող ընտրությունները։ Ինչ եք կարծում, իրականում ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։

— Ես ենթադրում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» ունի լավ փոխհարաբերություններ տարբեր քաղաքական ուժերի և քաղաքական դերակատարների հետ, որոնք միայն ռեյտինգային ընտրակարգի դեպքում կկարողանան համապատասխան քվեներ ապահովել իրենց համար և այդ քայլով պաշտպանում է նրանց շահերը։ Որովհետև կոնկրետ ԼՀԿ քաղաքական շահերը այնքան էլ չեն համապատասխանում գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու տրամաբանությանը։

— Եթե ընտրությունները գործող օրենսգրքով տեղի ունենան, ապա խորհրդարանում որակապես ի՞նչ փոփոխություն կլինի։

— Գործող Ընտրական օրենսգրքով ես որակական որևէ լուրջ փոփոխություն չեմ կանխատեսում։ Ընդհամենը մենք կունենանք քաղաքական ուժերից որևէ մեկի փոխարեն մեկ այլ քաղաքական ուժ , ուժերի հարաբերակցությունը որոշ չափով կարող է փոփոխվել, սակայն ընդհանուր առմամբ ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուժվի։ Ուստի շատ կարճ ժամանակ անց մենք նորից կունենանք նույն տիպի կամ ավելի խոր թերացումներ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular