Քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը․ ՏՄՊՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել տեսչական մարմինների ղեկավարների հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները:
Հանդիպման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա ևս:
Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին: