Չիրականացող գծանշումների խնդրի հետքերով. ինչ է պատասխանել փոխնախարարը անկախ պատգամավորի հարցին. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում:
Երեկ խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Քանի որ Երեւանի քաղաքապետին ԱԺ-ում հարցեր չենք կարողանում ուղղել, Ձեզանից հետաքրքրվեմ՝ որպես լիազոր մարմին. մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։
Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի։ Պատգամավորը հայտարարեց, որ անհամբեր կսպասի պատասխանի, որպեսզի պարզ լինի, թե գերատեսչություններից ում թերությունն է, որ գծանշումներ չեն արվում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ անկախ պատգամավորից պարզել՝ ի վերջո ինչ են պատասխանել նրան ՏԿ նախարարությունից, ում թերացումն է գծանշումների բացակայությունը. «Վաչե Տերտերյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը: Նրան այդպես են ասել Երեւանի քաղաքապետարանից»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից պարզել՝ ինչու գծանշումների աշխատանքները չեն կատարվում, սակայն նա այդպես էլ չպատասպանեց մեր հեռախոսազանգերին: Նաեւ գրավոր հարցում ենք ուղարկել եւ կսպասենք արձագանքի:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։