ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է նշանակում ՍԴ-ի այսօրվա որոշումը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաղթեց. Մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչեց Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ ՍԴ-ն արձանագրեց ու ճանաչեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր չարաբաստիկ 300.1 հոդվածը, ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները. «Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի»,-հավելեց նա՝ նշելով, որ ճշմարտությունը հաղթեց:

«2018 թվականի սեպտեմբերից իմ բոլոր գործընկերները, փաստաբանները, մեր փաստաբանական թիմը, անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1 հոդվածի ոչ որոշակի լինելու մասին:

Իհարկե, վատ է, որ սա արձանագրվեց 2021 թվականին: Այսօր բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այն կհրապարակվի 3 օրյա ժամկետում, ՍԴ-ի աշխատակարգն այդպիսին է»,-ասաց նա՝ հավելելով, որ հատուկ կարծիք ունեցել է միայն Խունդկարյանը, այսինքն՝ որոշումը կայացվել է նման մեծամասնությամբ:

Հարցին, թե ինչ է նշանակում դա, ինչ է հիմա լինելու, Վարդևանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. «ՍԴ-ի որոշման ուժով, այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման»:

Կարող է արդյո՞ք դատավորը դիմադրել, փաստաբանն ասաց, որ այստեղ դիմադրելու հարց չկա, ուղղակի քրեական օրենսգրքում այլևս նման հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք, դա ՔՕ-ի պարզ տրամաբանությունն է:

Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը նաև կաշառք ստանալու մեջ է մեղադրվում, փաստաբանն ասաց, որ այդ հոդվածի վերաբերյալ նույնիսկ նախաքննական փուլում հիմնավոր կասկածը չէր հաստատվել, որ Վճռաբեկ դատարանն էլ հիմնավոր կասկածն այդ հոդվածով հաստատելու մասով վարույթ չէր ընդունել, այսինքն այդտեղ որևէ խնդիր չէր տեսել:

«Եվս մեկ անգամ բոլորիս ուզում եմ շնորհավորել, ի վերջո ապօրինությունը չի կարող բխել որևէ մեկի շահերից, քանի որ անարդարությունն արդարությանը սպառնալիք է ամենուր»,-հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular