ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսոր Թուրքիան այսօր Արցախում ունի մոնիտորինգ իրականացնողի դեր, իսկ Հայաստա՞նն ու Արցա՞խը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհին հետպատերազմյան շրջանում բազմաթիվ միջադեպեր են եղել հայկական և ադրբեջանական կողմերի միջև և վերջին դեպքն էլ երեկ է գրանցվել, երբ ադրբեջանցին քարով հարվածել է արցախցու մեքենային։ Կարծես թե որևէ փաստաթղթում չկա ամրագրված կետ, որ ադրբեջանցիները կարող են շարժվել այս տեղամասով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ` պարզելու համար, թե հայկական կողմը գոնե ժամանակավորապես կարող է հասնել նրան, որ ադրբեջանական շարժը ճանապարհի այդ հատվածով արգելվի։

— Տիկին Ալավերդյան, որևէ փաստաթղթում չկա ամրագրված կետ, որ ադրբեջանցիները կարող են շարժվել այս ճանապարահատվածով, այս դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը թույլատրում ադրբեջանական ռազմական, քաղաքացիական շարասյուների տեղաշարժը։

— Նախ և առաջ պետք է հստակեցնել, որ պարտադիր պետք է հայկական կողմը լինի Արցախի Հանրապետության ղեկավարությունը կամ Հայաստանի Հանրապետության ղեկապարությունը , որը ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է ստորագրել այդ եռակողմ պայմանագիրը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության հողին։ Մենք այսօր հայտնվել ենք ավելի քան տարօրինակ վիճակում, երբ  այդ եռակողմ պայմանագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի վարչապետը, որը կրկնում եմ, որևէ լիազորություն չունի Արցախի Հանրապետության տարածքների հանդեպ։ Բայց, քանի որ արդեն կա այդ եռակողմ փաստաթուղթը, ապա այդ պատասխանատվությունը կրում է հայկական կողմը և նա պետք է այդ հարցը բարձրացնի։ Քանի որ այդ տարածքները գտնվում են Արցախի տարածքում, ապա պետք է հստակեցվի, թե ինչ կարգավիճակ ունի Արցախի Հանրապետության ղեկավարությունը իր շփումների ընթացքում խաղաղապահ ուժերի հետ։ Մինչ այսօր այդ հարցը պարզաբանված չէ։ Դա պետք է լինի պաշտոնապես հաստատված և պետք է մենք հստակեցնենք, թե ինչ իրավունքներ և ինչ պարտականություններ ունի հենց Արցախի Հանրապետության ղեկավարությունը, քանի որ ՀՀ վարչապետը ստորագրել է եռակողմ հայտարարությունը, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածքներին և այլևս ինքը չի զբաղվում այդ հարցերով։ Իսկ հետպատերազմյան ժամանակահատվածում, խաղաղապահ ուժերի ներկայության դեպքում, Արցախի Հանրապետության ղեկավարության կարգավիճակը այդպես էլ պարզաբանված չէ։ Այս դեպքում և ՀՀ իշխանությունները և ԱՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն համապատասխան քայլեր, իսկ առաջին հերթին այդ քայլերը պետք է լինեն Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից, որովհետև դեֆակտո հանրապետության, այսինքն չճանաչված պետության ղեկավարություն է և այս տարածքում գոյություն ունի և գործում է խաղաղապահ ուժեր, դա նշանակում է, որ ամեն մի դեպք և այդպիսի դեպքի ամեն մի սպառնալիք պետք է Արցախի Հանրապետության նախագահը կամ մեկ այլ պաշտոնատար անձ մտնի բանակցությունների մեջ խաղաղապահ ուժերի ղեկավարի հետ։ Եվ, քանի որ Հայաստանը ստորագրել է, չնայած նրան, որ ես դա համարում եմ ոչ լեգիտիմ փաստաթուղթ և ոչ լեգիտիմ ստորագրություն, որովհետև այդ հայտարարությունը չի հաստատվել և չի ընդունվել, որ ԱԺ-ում, ոչ սահմանադրական դատարանով, բայց միայն այդ ստորագրության պատճառով պատասխանատվությունը ուղղակի կրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

— Ռուս խաղաղապահները այդ միջադեպի համար ներողություն են խնդրել հայ վարորդից, տուժողը հարցաքննվել է Ասկերանի շրջանի ոստիկանության բաժնում, իսկ մեքենայի լուսանկարներն ու ռուսերեն թարգմանված բացատրությունը հանձնվել է գեներալ Մուրադովին։ Այս դեպքի մասին ռուսական կողմն ասել է, վնասը կփոխհատուցվի, այլ կարվի ամեն ինչ ,որ նմանօրինակ դեպքեր այլևս չկրկնվեն։ Սակայն նման դեպքերը հաճախ են եղել և հայկական կողմը չի կարող վստահ լինել, որ այլևս չեն կրկնվի, արդյո՞ք այս շարունակական դեպքերից հետո հայկական կողմը կարող է գոնե ժամանակավորապես հասնել նրան, որ ադրբեջանական շարժը ճանապարհի այդ հատվածով արգելվի։

— Այն, ինչ-որ ասում է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը պետք է լինի մեխանիզմ մշտադիտարկման և վերահսկողության։ Այս տարածքները պատկանում են ոչ թե խաղաղապահ ուժերին, այլ պատկանում է այդ չճանաչված պետությանը։ Հիմա պետք է այդ մեխանիզմը հաստատվի, պետք է արձագանքի Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Ազգային ժողովը, հստակեցնելով, թե ինչպես է Արցախի Հանրապետությունը մասնակցում այդ եռակողմ հայտարարության իրականացման մոնիտորինգին և ինչ դերակատարություն ունի։
Այս պահին ինչ իրավիճակում ենք գտնվում, Թուրքիան, որը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի հետ, մեր տարածաշրջան է բերել այդ վարձու ահաբեկիչներին, այսօր այդ երկիրը ունի մոնիտորինգային դերակատարություն։ Այսինքն, կա միասնական մոնիտորինգային կենտրոն, որտեղ  այդ մոնիտորինգը իրականացնում են Ռուսաստանը և ագրեսոր Թուրքիան , իսկ Հայաստանը, ով ստորագրել է այդ եռակողմ փաստաթուղթը և Արցախը, որի տարածքներում են այդ գործողությունները կատարվում ինչ դերակատարում ունեն այդ մշտադիտարկման մեջ։ Ով է իրականացնում մշտադիտարկումը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից։ Ագրեսոր պետությունը՝ Թուրքիան մասնակցում է մոնիտորինգին որպես ինչ, ի՞նչն է ինքը դիտարկում, թե ինչպես է ինքը խախտում կամ իր դաշնակից Ադրբեջանը ինչպես է խախատում։ Իսկ Հայաստանն ու Արցախը ի՞նչ մասնակցություն ունեն։ Ես պնդում եմ, որ և Արցախի Հանրապետության ղեկավարությունը, և քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ով այսօր ՀՀ վարչապետի պարտականություններն է իրականացնում, պետք է պարզ հստակեցնեն, որն է Հայաստանի ու Արցախի մասնակցությունը այդ մշտադիտարկման մեջ և ինչպե՞ս պետք է իրենք արձագանքեն և ի՞նչ է սպասվում խախտող կողմին։

—Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզի որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու կեղծ լուրեր տարածելու հիմքով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հրանտ Բագրատյանի։ Եթե ապացուցվի, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այս դեպքում ինչ է սպասվում Հրանտ Բագրատյանին։

— Մենք քրեական օրենսգրքում ունենք այդպիսի հոդվածներ, որով նրանց պատժը սահմանում են այն չափով, ինչ չափով որ այդ հայտարարությունները հետևանքներ են ունեցել։ Ես հիմա չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ պատժամիջոց կկիրառվի, քանի որ պետք է հստակ ուսումնասիրեմ քրեական օրենսգիրքը, բայց պատասխանատվությունը նախատեսվում է համապատասխան այն հետևանքներին, որը կարող է կամ ունեցել է այդ լուրերի տարածումը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular