Նա լուցկին մոտեցրել է վառոդի տակառին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Հին ու բարի ժամանակներում» Հայաստանում ակտիվ գործունեություն էին ծավալում տարբեր ուղղվածության հասարակական կազմակերպություններ: Դրանք ժողովրդավարության, բնության պահպանության, մարդու իրավունքների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների խնդիրներ էին բարձրաձայնում, պայքարում դրանց դեմ: Դե, համենայն դեպս, այդպիսին էր տպավորությունը: Նկատե՞լ եք՝ 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո փաստացի չկան այդ կազմակերպությունները, միանգամից անհետ կորան: Լավ, համոզեցիք, գուցե ոչ բացարձակապես բոլորը. գերակշռող մեծամասնությունը: Տպավորություն է, թե բոլորն ուղղորդվում և ֆինանսավորվում էին մեկ կենտրոնից, որը 2018 թ.-ի մայիսից հետո կա՛մ դադարեց գոյություն ունենալ, կա՛մ ողջ սպեկտրով մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Դե, բնականաբար, բոլորս գիտենք, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը: ՀԿ «արևմտյան սեկտորը» եղել է Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության փայատերերից մեկը, որի ղեկավար կազմն այժմ մաս է կազմում իշխանության տարբեր թևերին՝ գերազանցապես օրենսդիր և գործադիր մարմիններին:
Հետևաբար, զարմանալ պետք չէ, երբ օրը ցերեկով ԲՏԱ նախարարը բռնություն է կիրառում լրագրողի վրա, Ազգային ժողովի տաքուկ աշխատասենյակներում ծվարած նախկին լրագրողները, իրավապաշտպանները ծպտուն չեն հանում: Ծպտուն չեն հանում նաև ճոխ անուններով ՀԿ-ները, ավելին՝ ոմանք քիչ է մնում հոշոտեն հենց լրագրողին: Պատկերացնո՞ւմ եք՝ նման բան տեղի ունենար «նախկինների» օրոք: Մի այնպիսի վայնասուն կբարձրացնեին, որ աղմուկից մարդ կխլանար: Այլևս չենք տեսնում թրթուրավոր տրակտորների տակ պառկող բնապահպաններին, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առաջ պիկետներ անող՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, լալահառաչ հաղորդագրություն տարածող ժողովրդավարներին, մեծ հաշվով՝ ոչ մեկին:
Ինչևէ:Վերջին երեք տարում իշխանությունների կողմից տեսանք ամեն ինչ, ինչը չես կարող տեսնել շատ թե քիչ նորմալ երկրում՝ դատարանների, Ազգային ժողովի, նույնիսկ Եռաբլուրի պաշարում, Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա կոլեկտիվ հարձակում, դատավորների ու ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա տոտալ ճնշումներ, ընդդիմախոսների վրա քաղաքական և իրավական մահակների կիրառում, դատաիրավական գործընթացների վրա վերահսկողության իրականացում և այլն: Սա է այն Հայաստանը, որը Արարատ Միրզոյանը համարում էր ժողովրդավարության բաստիոն: Երկիր, որտեղ քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ու պետական կառավարման մարմիններն այլևս կազմաքանդված են, որտեղ, սկսած Սահմանադրությունից, վերջացրած ամենաստորին իրավական ակտեր, մեկնաբանվում և կիրառվում են ըստ քաղաքական նախասիրությունների ու նպատակահարմարության: Նիկոլը Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները և, մեծ հաշվով, իրավական համակարգը դարձրել է «պոլի շոր», որի վրա, սկսած իրենից, վերջացրած, օրինակ՝ Վահագն Հովակիմյանով, անընդմեջ բռնություն է կիրառվում: Եվ, կարծես թե, հերթական կարևորագույն քաղաքական գործընթացից առաջ հասել ենք Ընտրական օրենսգրքի՝ իշխանությունների քիմքին հաճո «կարուձևին»:
Կարճ ասած՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ փորձ է արվում Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտան նույնիսկ 50 և ավելի տոկոս ձայն չհավաքելու դեպքում իր իշխանությունը վերարտադրել: Բայց սա այլ թեմա է, որին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Պարզապես փաստենք, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, վերը թվարկածին այս տարիներին, մեծ հաշվով, չի եղել հանրային շատ թե քիչ լուրջ դիմադրություն: Դրա պատճառներից մեկն այն է, որ Նիկոլն անընդհատ պնդել և պնդում է, որ ամեն ինչ հանուն ժողովրդի է, ժողովրդի ցանկությամբ և պատվերով: Այո, ժողովուրդն ինչ-որ ժամանակահատված, իսկապես, կարծում էր, թե դա այդպես է, մինչև երկիրը կաթվածահար չեղավ՝ տնտեսությունը կոլապսի մեջ է, կառավարման համակարգում քաոս է ու անիշխանություն։
Ոչ մի պետական մարմին արդյունքին միտված չի աշխատում, բանակը, դատական համակարգը նրա հարձակումներից պարալիզացված վիճակում են, չնայած դա Փաշինյանին քիչ է հետաքրքրում։ Նա ոչինչ չի անում, բացի իր իշխանության վերարտադրության հարցերը լուծելուց: Իսկ դա նշանակում է, որ նա լուցկին մոտեցրել է վառոդի տակառին: Եվ այս ամենը, բնականաբար, տեղի է ունենում նաև իշխանության գրպանային հասարակական սեկտորի լուռ հայացքի ներքո:
Անի Առաքելյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում