ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատիկին ընդառաջ ձվի գինը կիջնի և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՏՄՊՊՀ-ն առևտրային ցանցերի համար բարեխիղճ վարքագծի կանոններ է մշակել, ձվի շուկայում վարույթ կհարուցվի, բենզինի շուկայում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՏՄՊ պետական հանձնաժողովի ամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով, որին մասնակցել են առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բարեփոխումները, պատասխանել ներկաներին հուզող ամենատարբեր հարցադրումներին:

Միջոցառումից առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների հետ ճեպազրույցում ներկայացրել է քննարկման նպատակը, անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցադրումների ձվի շուկայում ստեղծված իրավիճակի և բենզինի շուկայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ է ունենալու բիզնես հանրության ներկայացուցիչների հետ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվող նոր կարգավորումները` մինչև դրանց ուժի մեջ մտնելը, մանրամասն ներկայացնելու նպատակով: Նա հավելել է, որ հանձնաժողովը մշակում է խորհրդատվական բնույթ ունեցող ուղեցույցներ, որոնք էականորեն կարող են բիզնեսի կյանքը հեշտացնել: «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը» դրանցից մեկն է, որի հիմնական նպատակն է մատակարարների համար դեպի շուկա մուտքի հավասար պայմանների ապահովումը: Հանձնաժողովն առաջարկում է նաև, որպեսզի մատակարարման պայմանագրերը լինեն գրավոր, թափանցիկ և հրապարակային:

«Հաճախ բիզնեսի կողմից կատարվող խախտումների պատճառը օրենքի մասին ունեցած սխալ կամ թերի պատկերացումներ են լինում: Մեր նպատակը խախտումը ոչ թե պոստֆակտում հայտնաբերելն է, այլ դրա հնարավորինս կանխարգելումը: Այս միջոցառումները պարբերական բնույթ են ունենալու: Արդյունքում, կարծում եմ, կշահի թե՛ բիզնես, թե՛ հանրությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել, հավանաբար վաղը վարույթ կհարուցվի խոշոր տնտեսվարողների նկատմամբ մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով, և եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում: Ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ, և ներքին քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Զատիկին ընդառաջ արդեն այսօրվանից ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա: Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորել է խուճապահար գնումներ չկատարել, քանի որ եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդելն է, ինչը պետք է թույլ չտալ:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular