ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունները ունակ չեն արժանապատիվ խաղաղության համար բանակցելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ի կողմից հակասահմանադրական է ճանաչվել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով մեղադրվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ, պարզելու համար, թե ինչո՞ւ է 20 տարուց ավել գործող Սահմանադրական օրենքը այսքան տարի հետո ճանաչվել հակասահմանադրական։

—ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը  և արդյոք կարո՞ղ ենք «Մարտի 1»-ի գործն արդեն փակված համարել:

— Հանրային կարծիքի տեսանկյունից, իհարկե, չենք կարող փակված համարել, որովհետև հանրային գիտակցության մեջ միևնույնն է այդ հանցագործությունը կա, կան զոհեր, կան տուժածներ և այնպես չի, որ դատարանի որոշումով այդ ամեն ինչը մղվի անցյալ։ Բայց զուտ իրավական տեսանկյունից, գուցե այո, կարող ենք պաշտոնապես փակված համարել։

—Հատկանշական է, որ ՍԴ որոշումից մեկ օր առաջ հանդիպել էին Հայաստանի երեք և Արցախի երկու նախկին նախագահները: Իսկ ՍԴ որոշման հրապարակումից հետո էլ տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Դուք այս իրադարձությունների միջև կապ տեսնո՞ւմ եք:

— Ոչ, ես այդ իրադարձությունների մեջ որևէ կապ չեմ տեսնում և չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ կապ կա։ Ավելի շատ ես տեսնում եմ կապ դատարանի այդ որոշման և Հայաստանում անցկացվելիք արտահերթ ընտրությունների միջև, որովհետև ակնհայտորեն այս իշխանությունները պատրաստվում են կեղծել այդ ընտրությունները, համենայն դեպս փորձելու են կողծել այդ ընտրությունները և հնարավոր է, որ այդ ընտրությունների արդյունքերից հետո բողոքի այսպիսի դրսևորումների դեպքում ոստիկանությունը և ուժային կառույցները ուժ կիրառեն ցուցարարների նկատմամբ։ Դրա համար ՍԴ այդ որոշումով, փաստորեն, արձանագրում է, որ նման բան կարելի է և դա հանցանք չէ։ Ես ավելի շուտ այդ երկու իրադարձությունների մեջ եմ կապ տեսնում և կարծում եմ, որ դատարանի այդ որոշումը ձեռնտու է Հայաստանի այսօրվա իշխանություններին, որովհետև դա արձակում է նրանց ձեռքերը և նրանց հնարավորություն կտա ցուցարարների և առհասարակ մարդկանց նկատմամբ ուժ կիրառել և բռնություններ գործադրել։

—Շուրջ 20-22 տարի մենք սահմանադրության մեջ ունենք այդ հոդվածը, իսկ հիմա հայտարարվում է, որ այդտեղ կա հակասահմանադրական խնդիր, վարչապետն ԱԺ-ում հայտարարում էր, որ ՍԴ-ի խնդիրն ամբողջությամբ լուծված է, արդյո՞ք այստեղ խնդրահարույց ոչինչ չկա:

— Դե, փաստորեն, լուծված չի այդ խնդիրը, այսինքն Նիկոլ Փաշինյանը առանց որևէ հիմքի է նման բան հայտարարել։

—Նախորդ տարվա այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը խոսում էր Շուշիում զորավարժություններ կատարելուց, ինչին հետևեց պատերազմը, հիմա էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հաճախ են ռազմատենչ հայտարարություններ լինում և խոսում են Զանգեզուրում նովրուզ նշելու մասին։ Այս հայտարարությունների ֆոնին էլ վարչապետը խոսում է խաղաղությունից։ Դուք ռազմական գործողությունների վտանգ տեսնում ե՞ք։

— Ռազմական գործողությունների վտանգ միշտ կա։ Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմը դեռևս չի վերջացել այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիր դեռևս ստորագրված չէ։ Քանի դեռ այդ պայմանագիրը չկա, ուրեմն այդ պատերազմը դեռ չի վերջացել և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին մեծ է։ Առավել ևս հիմա, երբ հայկական բանակը մեղմ ասած, բավականին թուլացել է։ Ուրիշ հարց է այն, որ իսկապես Հայաստանին խաղաղություն պետք է, բայց այդ արժանապատիվ խաղաղության բանակցությունները այս իշխանությունները չեն կարող վարել, որովհետև այս իշխանությունները պարտված իշխանություններ են, բացարձակապես միջազգային որևէ հեղինակություն չեն վայելում, հեղինակություն չունեն նաև տարածաշրջանում, հետևաբար, այո, մեզ խաղաղություն պետք է, բայց արժանապատիվ խաղաղության բանակցությունները տեսականորեն հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, այս իշխանությունները ի վիճակի չեն դա անել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular