ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նախընտրական արշավը վաղուց է սկսվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը, այցելում է մարզեր, հանդիպում բնակիչների հետ: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

 —Պարոն Բադալյան, ինչպես եք գնահատում սա, կարո՞ղ ենք ասել, որ ժամանակից շուտ արտահերթ գործընթացների մեկնարկը տրված է:

— Ըստ էության Հայաստանում քարոզարշավը, նախընտրական տրամադրությունները մեկնարկել են շատ ավելի վաղուց և մեծ հաշվով բոլոր քաղաքական ուժերը շատ վաղուց զբաղված են հենց  դրանով և ես ինքս մի քանի անգամ առիթ ունեցել եմ գնահատելու, որ Հայաստանում փաստացի նախընտրական արշավ է, նախընտրական տրամադրություններ են կուսակցությունների մոտ և հարցն այն է, թե երբ պետք է լինի այդ արտահերթ ընտրությունները, այսինքն ինչ ժամկետի վրա է լինելու քաղաքական ուժերի համաձայնությունը։ Մենք տեսնում ենք, որ գոնե առայժմ հայտարարվել է ամսի 20-ի մասին։

—ՍԴ-ի հայտնի որոշումը հասարակության մի մասը որակում է այս իշխանության ձախողումը, իսկ մի մասն էլ կարծում է, որ սա նրանց համար հաջողություն է և սպասվող ընտրություններում ընտրակեղծիքներ կատարելու համար հնարավորություն է։ Դուք այդ որոշումը հաջողություն թե ձախողում եք որակում:

— Ես այս իշխանության ամենամեծ հաջողությունը կամ էական հաջողությունները երբեք չեմ պայմանավորել այս կամ այն դատական գործով կամ այս կամ այն այն իրավական վճռով և դարձյալ հղում անելով իմ նախկինում արտահայտած մտքերին, ես պարբերաբար ասել եմ, որ գլխավոր մարտահրավերը դա Արցախի հարցն էր և պատերազի սպառնալիքի հնարավորինս չեզոքացումը և Արցախի հարցում կայուն շրջանի հնարավորինս մեծ տարածություն բացելը, ինչը ցավոք սրտի չստացվեց։ Եվ այս իմաստով ես չեմ փոխել կարծիքս, այսինքն ես չեմ կարծում, որ ընդհանրապես հետհեղափոխական հաջողությունը և հեղափոխության կապիտալիզացիան պայմանավորված է այս կամ այն քրեական գործով կամ դրա վերաբերյալ դատարանի վճռով, լինի դա ընդհանուր իրավասության դատարան, թե սահմանադրական դատարան` իր սահմանադրական գնահատականով։ Իհարկե այդ ամենը, այդ իրավական գործընթացները շատ կարևոր են երկրում մթնոլորտի փոփոխության համար, բայց խնդիրն այն է, թե մենք ինչն ենք դիտարկում որպես հաջողության հիմք։ Ես կարծում եմ, որ հաջողության հիմքը ինչպես ցանկացած իշխանության պարագայում, այնպես էլ հեղափոխությունից հետո, դրա ստեղծարար կարողությունների և ստեղծարար էներգիան ստեղծելու հնարավորություններ։ Եվ դրանով նաև հասարակությանը վարակել, այսինքն հասարակական կյանքը այդ ռեժիմին բերել։

—Հատկանշական է, որ ՍԴ որոշումից մեկ օր առաջ հանդիպել էին Հայաստանի երեք և Արցախի երկու նախկին նախագահները: Իսկ ՍԴ որոշման հրապարակումից հետո էլ տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Դուք այս իրադարձությունների միջև կապ տեսնո՞ւմ եք:

— Ընդհանրապես քաղաքական բոլոր իրադարձությունների մեջ հնարավոր է տեսնել կապ, այսինքն քաղաքականությունը մեծ հաշվով տարբեր իրադարձությունների շղթա է, բայց տարբեր իրադարձություններ շղթայաբար արտացոլում են քաղաքական գործընթացը և այս իմաստով, իհարկե, փոխկապակցված հանգամանքներ անշուշտ կան և դա ամենևին զարմանալի չէ։ Բայց ինչպիսին են դրանք, ինչ հարցերի են առնչվում և ինչ շեշտադրումներով են` սա արդեն իհարկե ենթադրությունների դաշտում կարող է լինել, որովհետև մենք, օրինակ, հստակ տեղեկատվություն չունենք, թե հատկապես ինչ օրակարգ են քննարկել նախկին նախագահները։ Մենք հստակ պատկերացում չունենք, թե նրանք ինչ մտահոգություններ են ունեցել և ինչ կարծիքներ են ունեցել այդ մտահոգությունների վերաբերյալ։ Եվ ըստ այդմ, մենք կարող ենք ենթադրություններ անել, թե ինչպիսի կապ կարող է լինել քաղաքական գործընթացների միջև, բայց որ այդ կապը կա դա ես կասեմ ակնառու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular