ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանություններն արտահերթ ընտրություններից առաջ սկսել են ոչ միայն մարզեր այցելել և տարատեսակ խոստումներ տալ ազգաբնակչությանը, այլև կառավարության նիստերում ազդարարում են տնտեսական ակտիվության մասին: Իբր Հայաստանի տնտեսությունը վերակենդանանում է և զարգացման դրական դինամիկա ունի: Սա ասում է մի կառավարություն, որը նույնիսկ ձվի շուկայում չի կարողանում վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ ապրանքի գինն աստղաբաշխական թվերի չհասնի, իսկ խանութներում 10-15 հատից ավել վաճառք տեղի չունենա: Ավելորդ է խոսել բենզինի գնի, արտարժույթի փոխանակման կուրսի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների ավելացման մասին, քանի որ դրանց գները մեր երկրում արդեն տևական ժամանակ է աճում են, բայց որևէ պատկան մարմին չի զբաղվում արհեստական թանկացումների խնդրով: Եվ այս ֆոնին է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրկին կեղծում է տնտեսական զարգացման ցուցանիշները, իբր թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ և շուտով լավ է լինելու:

Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է՝ կեղծում է վիճակագրությունը, փաստերն ու թվերը: Կաշխատե՞ն նրա հերթական ստերը: Ինչ-որ չափով այո, քանի որ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են կոպեռ առ կոպեկ թալանածը հետ բերելու փաշինյանական ստերին: Բայց հասարակությանը, մեծ հաշվով, երկրորդ անգամ չես մոլորեցնի, քանի որ մեկ անգամ մարդիկ առերեսվել են այդ ստին ու կեղծիքին, և երկրորդ՝ մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա են զգում օր-օրի վատթարացող տնտեսության բացասական միտումները: Ինչևէ, նախընտրական ասֆալտը, Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տնտեսությունը վերակառուցելու խոստումները, ինչպես նաև նմանատիպ այլ դրսևորումներ դառնալու են առաջիկա ընտրություններում իշխանությունների՝ քվե ստանալու հիմնական երաշխիքները:

Ցավալի է ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ բաներ անելուց զատ, հայ ժողովրդին գլոբար փոփոխություններ առաջարկելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ռեսուրս ունի: Օրինակ, նա չի կարող խոստանալ, որ հայոց բանակը կվերականգի իր երբեմնի պոտենցիալը, սահմաններն անվտանգ ու պաշտպանված կլինեն, օտարերկրյա ներդրումներ կբերի Հայաստան: Նա չի խոսում նման թեմաներից: Պարզ է պատճառը: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը հերթական անգամ ականատեսն է լինելու պաթոսով ճառերի, անցնող 3 տարիներին չարվածը նախկինների վրա բարդելու անբովանդակ ու արդեն ականջ սղոցող ելույթների: Բայց դա արդեն, ըստ էության, չի օգնելու իշխանություններին վերարտադրվել, քանի որ, ինչպես ասում են, գետի նույն ջուրը երկրորդ անգամ հնարավոր չէ մտնել: Բայց Նիկոլ Փաշինյանը կփորձի, վստահ եմ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular