Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը կարել է աչքերը և կտրել երակները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասվել է: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվեց, որովհետև քրեակատարողական հիմնարկից Մուշեղ Մխիթարյանին չէին տեղափոխել դատարան: Նա նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը:
Սակայն, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Մուշեղ Մխիթարյանն ընդամենը թեթև ինքնավնասվել է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: