ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության բոլոր ճյուղերում անկումը գնալով խորանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տնտեսական ճգնաժամը օր-օրի ավելի է խորանում։ Դրամը շարունակում է արժեզրկվել, ինչին զուգահեռ գնաճը ավելանում է։ Մարդկանց եկամուտները ավելանալու փոխարեն նվազում են, ինչն էլ հանգեցնում է գնողունակության նվազման։ Իսկ այս բոլոր խնդիրները, բնականաբար, անհետևանք չեն մնալու։ Այս թեմայով 1or.am   կայքը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ, պարզել համար, թե մասնագետի կանխատեսումներով այս իրավիճակը ի վերջո ինչ հանգուցալուծում է ստանալու։

—Պարոն Խաչատրյան, դոլարը շարունակում է աճել և այս անգամ աճը կազմել է գրեթե մեկ տոկոս: Որպես մասնագետ խնդրում եմ՝ կներկայացնե՞ք՝ ինչ է կատարվում հայկական դրամի հետ:

— Դրամը արժեզրկվում է ու դա պայմանավորված է տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացներով։ Մեծ հաշվով մեր տնտեսությունը անկման փուլում է ու դա է վկայում վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող ամենամսյա ցուցանիշները՝ տնտեսության բոլոր ճյուղերում մենք անկում ունենք ու այդ ֆոնին փաստացի ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացել է, ինչը իր հերթին ազդում է դրամի արժեզրկման վրա։ Բացի դրանից այստեղ կարևոր է հաշվի առնել նաև այն բացասական սպասումներն ու անորոշությունները, որոնք առկա են տնտեսությունում, թե բիզնեսի, թե հասարակության շրջանում, որովհետև հետպատերազմյան շրջանում այդուհանդերձ անվտանգային խնդիրները մինչև վերջ լուծված չեն, երկրում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակը նպաստում է, որ դրամը արժեզրկվի։

—Վերջին շրջանում դրամի արժեզրկումը, գնաճը շարունակական բնույթ են կրում Հայաստանում։ Մյուս խնդիրն այն է, որ սպառման ծավալներն են նվազում։ Այսինքն՝ այս պայմաններում, երբ մարդկանց եկամուտները չեն բարձրացել, նվազում է սպառումը, մեծանում՝ աղքատության ցուցանիշը։ Սա նշանակում է սոցիալական վիճակը ավելի է վատթարանալու այս գործոններով պայմանավորված, ըստ ձեզ աղքատության ի՞նչ ցուցանիշ կարձանագրվի։

— Դժվար է կանխատեսում անելը, որովհետև դեռևս պաշտոնական թվեր հրապարակված չեն։ Բայց միանշանակ է, որ այո աղքատությունը մեր երկրում խորանալու է ու սոցիալական խնդիրները էլ ավելի են մեծանալու, որովհետև համատարած եկամուտների չբարձրացման ֆոնին, եթե չասենք նվազման ֆոնին գների բարձրացումը հատկապես սննդամթերքի, սպառողական ապրանքների գնաճը մի կողմից, մյուս կողմից նաև դրամի արժեզրկումը բերելու է նրան, որ հասարակության մի զանգված ևս դառնալու է աղքատ ու ամենայն հավանականությամբ մենք մոտ 30 տոկոսի շրջանակում աղքատության ցուցանիշ կունենանք։

—Ի՞նչ կանխատեսումներ ունեք, այս իրավիճակը ինչքա՞ն կարող է շարունակվել և առհասարակ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ստեղծված ճգնաժամը գոնե որոշ չափով սփոփելու համար։

— Իմ խորին համոզմամբ այս պահին տնտեսությունում տիրող բացասական միտումները առավելապես անվտանգային և քաղաքական գործոններով են պայմանավորված։ Ու առաջին հերթին պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն` լուծելու անվտանգային երաշխիքների հարցը ու հանգուցալուծելու քաղաքական այն թնջուկը, որը այսօր առկա է։ Այսինքն, քանի դեռ մեր երկրում արտաքին անվտանգության առումով երաշխիքները վերջնականապես ֆիքսված չեն, քանի դեռ ներքաղաքական վիճակը չի կայունացվել, չի հանդարտեցվել,մենք այս բացասական միտումները, թե ճյուղերի առանձին վերցված ոլորտների անկման տեսանկյունից, թե դրամի արժեզրկման տեսանկյունից, թե հասարակության աղքատության տեսանկյունից շարունակելու են ահագնանալ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular