Ինչո՞ւ է Հայաստան Համահայկական Հիմնադրամը մերժել Արցախի իշխանություններին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ1or.am-ի տեղեկություններով` վերջերս Արցախի իշխանությունները նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պաշտոնապես դիմել են Հայաստան Համահայկական Հիմնադրամ խնդրանքով՝ ֆինանսավորել Արցախում մի քանի լաբորատորիաների, այդ թվում ԱԹՍ-ների արտադրության հետ կապված լաբորատորիաների գործունեությունը: Ի դեպ, խոսքը վերաբերել է ոչ մեծ գումարի՝ միջինը 10000 դոլարին:
Որքան էլ տարօրինակ է՝ մեզ դեռևս անհայտ պատճառով Համահայկական հիմնադրամը մերժել է այդ գումարը հատկացնել: Իհարկե, մենք կպարզենք մերժման պատճառը, սակայն հարկ է ընդգծել, որ հետպատերազմական շրջանում նման նախագծերի ֆինանսավորումը մերժելը առնվազն անհասկանալի և անընդունելի է: Նախ այն պատճառով, որ Հիմնադրամին մարդիկ հանգանակություններ են արել հենց այդ պատճառով՝ ռազմարդյունաբերության զարգացման համար:
Երկրորդը՝ նման գործընթացների խթանումը առավել ևս Արցախում կարող է մարդկանց կապել իրենց հող ու ջրին՝ լուծելով թե՛ զբաղվածության, թե՛ դեմոգրաֆիական խնդիրներ: Եվ վերջապես՝ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները հաշտվել են Արցախի կորստի հետ և զարգացման որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերում, այլապես ինչպե՞ս մեկնաբանել այս տեղեկությունը:
Ինչ վերաբերում է Հայաստան Համահայկական հիմնադրամին: Հիմնադրամի գործունեությունը դարձել է խիստ խնդրահարույց և կոռուպցիոն ռիսկերով: ՀՀ կառավարությանը 52 միլիոարդ դրամի փոխանցումից հետո, որի ծախսման նպատակներն ու ուղղությունները դեռևս անհայտ են, վերը նշված հարցը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Հիմնադրամն իր բուն առաքելությունից շեղվել է և անհասկանալի փակ գործունեություն է ծավալում: Հայ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են ծախսվում իր կողմից հանգանակված գումարները, որոնք այս օրերի և նման նախագծերի ֆինանսավորման համար էին:
Կարեն Դանիելյան