ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիները երբևէ կանգնած չեն եղել այսպիսի ճամփաբաժանի առջև․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմադիր կուսակցությունները փոխել են պայքարի մարտավարությունը: Սկսել են մարզային այցելությունների շարք, հանդիպումներ են անցկացնելու մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում: Մեծ հաշվով, արդյունավետ է պայքարի ընտրված այդ գործիքակազմը նախևառաջ այն առումով, որ իշխանափոխության անհրաժեշտության ուղերձը պետք է հասցնել նաև մայրաքաղաքից հեռու բնակավայրեր: Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ հասարակության մի հատված խճճվել է իշխանությունների կողմից պարբերաբար հրապարակ նետվող տեղեկատվական հոսքերի մեջ, մանավանդ, երբ դրանք գերազանցապես կեղծ են ու իրար հակասող:

Թվում է, թե 21-րդ դարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացած մեր ժամանակներում պետք է որևէ խնդիր չլիներ հասարակ քաղաքացու համար ճիշտն ու սխալը, առաջնայինն ու երկրորդականը, ազգայինն ու ապազգայինը իրարից զատելու գործում: Սակայն դա այդպես չէ, քանի որ, դիցուք, Նիկոլ Փաշինյանի մի քանի մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ մարդկանց մեծ խումբ կա, որ հեշտությամբ դեռևս հավատում է իշխանությունների ստերին ու մանիպուլ յացիաներին: Մարդկանց հետ զրույցներում դա պարզ երևում էր: Տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե ընդդիմությունը քարոզչական հարթությունում պարտվեց Նիկոլին, ապա կպարտվի նաև ընտրություններում: Հետևաբար, ընդդիմության թիվ մեկ խնդիրն այս ժամանակահատվածում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ստերին ճշմարտությունը հակադրելը:

Իսկ ճշմարտությունը շատ պարզ ու տրիվիալ է՝ վերջին 3 տարիներին հայ հասարակությունը ականատեսն է եղել իշխանության խոստումների գրեթե 100 տոկոսով տապալմանը, այսինքն՝ զրո աշխատանք նույնքան արդյունքով: Չկա մի ոլորտ, որտեղ կա կոնկրետ արդյունք, մի կոնկրետ ձեռքբերում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թ. մայիսին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ազդարարեց ի լուր աշխարհի, որ կա կախարդական փայտիկ, և որ այդ փայտիկը աշխատելու է, եթե ինքն ընտրվի վարչապետ: Ինչևէ, որևէ առանձնակի ջանք ու մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն վերլուծելու և հասկանալու այս պարզ իրողությունները, սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, և հասարակության մի հատվածը, որը քվեարկել էր Նիկոլի օգտին, ենթագիտակցորեն ուզում է հավատալ, որ չի սխալվել իր ընտրության մեջ, և որ ամեն ինչ դեռ կորսված չէ: Իհարկե, մարդկանց կարելի է հասկանալ՝ հոգեբանական խնդիր է, որը շատերը չեն կարողանում հաղթահարել:

Այդուհանդերձ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը դուրս են եկել մի հարթություն, որտեղ, ըստ քաղաքագիտական կանոնների, պետք է լինեն արդար խաղի կանոններ, սակայն այդպես չէ, քանի որ իշխանությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա ընտրել է «գոտկատեղից ներքև խփելու» մարտավարությունը: Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այս ընտրությունների, եթե դրանք իրականում տեղի ունենան, այն է լինելու, որ Հայաստանի քաղաքացիները երբևէ կանգնած չեն եղել այսպիսի ճամփաբաժանի առջև: Նախ՝ ինչ նկատի ունենք ասելով՝ «եթե տեղի ունենան ընտրություններ»: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ առերևույթ ինքնավստահ է, միևնույնն է, վախենում, շատ է վախենում իշխանությունը կորցնելու մտքից: Իսկ որ դրա համար պարարտ հող կա, աներկբա է: Հետևաբար, ինչ-որ մի պահի նա կարող է չեղարկել իր՝ ընտրություններ անցկացնելու նպատակադրումը:

Դա տեղի կունենա, երբ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ իր ուժի հաղթանակի շանսերը գրեթե զրոյական են: Ի դեպ, մեկ անգամ նա արդեն հրաժարվել է իր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապես հայտարարած որոշումից: Ինչ վերաբերում է ճամփաբաժանին: Բազմիցս խոսվել է այս թեմայով, բայց ավելորդ չէ մեկ անգամ ևս կրկնել՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը Հայաստանը և Արցախը հասցրել են պետականության կորստի վտանգի առջև, հետևաբար նրանց իշխանության վերարտադրությունը նշանակում է այդ աղետաբեր ընթացքի շարունակություն: Հայ հասարակությունը այս ռիսկը պետք է գնահատի արտահերթ ընտրությունների ժամանակ՝ համաձա՞յն է այդ սցենարին, թե՞ ոչ: Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մնացած մարտահրավերները հաղթահարելի են:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular