ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա վարպետ էր, որը միշտ ուզում էր աշակերտ լինել. համերգ ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հանդես կգա ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին նվիրված համերգով:

Երեկոն տեղի կունենա ապրիլի 18-ին Հայաստանի ճարտարապետների միությունում:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ նվագախումբը կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ-նվագախմբի համար:

Կորեան (1941-2021) ամերիկացի ջազային կոմպոզիտոր էր, դաշնակահար, բենդի ղեկավար: Կորեայի մեծ ջազային կարիերան սկսվել է Նյու Յորքում 1960-ականների երկրորդ կեսին ջազային կոլեկտիվներում, որոնք ղեկավարում էին Մոնգո Սանտամարիան, Ուիլի Բոբոն, Հերբի Մենը և Ստեն Գետցը:

Այդ ժամանակաշրջանում նա ստեղծում է իր առաջին սոլո ձայնագրությունները: Նրա վաղ աշխատանքներից ամենակարևորը Now He Sings, Now He Sobs (1968) երկրորդ սոլո ալբոմն է, որն այս հարյուրամյակի սկզբում դարձել է «Գրեմմիի» Փառքի սրահի բաղկացուցիչ մասը: Երաժշտի գործունեության ամենակարևոր փուլերից է շեփորահար Մայլզ Դևիսի հետ համագործակցությունը, որի հետ ձայնագրվել են բազում նշանակալի ալբոմներ (Filles de Kilimanjaro, In A Silent Way, Bitches Brew):

Չիկ Կորեայի հայտնի Spain, La Fiesta, Armando’s Rhumba, Windows ստեղծագործությունները համարվում են ջազային ստանդարտներ և նույնպես հնչելու են համերգի ընթացքում: Տարբեր տարիներին Կորեան աշխատել է ամենատարբեր կազմերի՝ ավանգարդ Circle-ի, Return To Forever և Elektric Band ֆյուժն խմբերի, Akoustic Band-ի, New Trio-ի, The Origin-ի և այլոց հետ:

Չիկ Կորեան արժանացել է 25 «Գրեմմի» մրցանակի և ավելի քան 60 անգամ առաջադրվել հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Նա վարպետ էր, որը միշտ ուզում էր աշակերտ լինել: Առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ջազը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular