ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրություն՝ բոլոր դպրոցականներին և նրանց ծնողներին. Նոր տեղեկություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Armtimes.com-ը գրում է․ Օրացուցային եւ ուսումնական տարին որքան մոտենում է ավարտին, այնքան հանրակրթական շատ հաստատություններում խորանում են անորոշությունն ու անհանգստությունը:
 
Ինչպես հայտնի է, դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ու եթե ի սկզբանե կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի հայտարարած ու խոստացած վերանայումները դրական արձագանք գտան, այժմ արդեն շատ հաստատություններում խառնաշփոթ է ստեղծվել. թե՛ դպրոցների աշխատակազմերը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները երբեմն մինչեւ վերջ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ նորամուծությունները եւ գործնականում ինչպես պետք է կիրառվեն:
 
ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:
 
Ըստ այդմ, ընթացիկ կիսամյակի ավարտին, ինչպես նախկինում, 4-րդ եւ 9-րդ դասարանն ավարտող երեխաների գիտելիքների ստուգում չի լինի, բայց արդեն հաջորդ կիսամյակի ու միեւնույն ժամանակ ուսումնական տարվա ավարտին նրանց քննությունների բնույթը որոշ չափով կլինի այլ:
4-րդ դասարանցիները «Մայրենի» առարկայից թելադրություն կգրեն` ի տարբերություն նախորդ տարվա թեստային առաջադրանքների: «Մաթեմատիկայի» քննությունը փոփոխություն չի կրի, եւ գիտելիքների ստուգումը կանցկացվի գրավոր տարբերակով` թեստային առաջադրանքների տեսքով:
9-րդ դասարանի դեպքում, պարզվում է, երեկվա դրությամբ դեռ փոփոխություններ էին տեղի ունենում: Ուսուցիչներն ու աշակերտները ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել են, որ բնագիտական առարկաներից քննությունը լինելու է համակցված թեստի ձեւով: Այսինքն` եթե նախկինում սովորողներն ընտրություն էին կատարում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միջեւ եւ գրավոր քննություն հանձնում դրանցից որեւէ մեկից, ապա այս տարի նախատեսված էր, որ քննական թեստում առաջադրանքները լինելու են բոլոր չորս այդ առարկաների վերաբերյալ:
Ու մինչ աշակերտները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են նախապատրաստվել այդ քննությանը, առաջադրանքների թեկուզ մոտավոր ինչ շրջանակ կա կամ ինչ հարցաշար, գնահատման եւ թեստավորման կենտրոնում էլ համապատասխան առարկայական բաժինն աշխատում է թեստերի մշակման եւ ուղեցույցների համադրելիության ուղղությամբ՝ կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են նշված փոփոխությունը հետաձգել:
 
Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ընդառաջ են գնացել մանկավարժներից ու սովորողներից ստացված դիմումներին, որոնք նշել են, թե այդ կարգով քննությանը նախապատրաստվել չեն հասցնում` խնդրելով տրամադրել ավելի երկար ժամանակ: Հետեւաբար, համակցված թեստերը կիրառության մեջ մտնեն 2017-2018 ուսումնական տարում: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը նույնպես քիչ առաջ տեղեկացվել է փոփոխությունը չեղյալ հայտարարելու մասին:
Ինչ վերաբերում է 9-րդ դասարանում անցկացվելիք մյուս 5 առարկաների քննությանը, ապա «մաթեմատիկայի» դեպքում գրավոր քննության տարբերակը կպահպանվի: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստերի փոխարեն ավարտական այդ դասարանի աշակերտները կհանձնեն փոխադրություն ու նաեւ «գրականություն»` բանավոր: «Պատմություն» եւ «Օտար լեզու»առարկաների քննությունը նույնպես բանավոր տարբերակով կլինի: Իսկ թե հատկապես ո՞ր լեզուն կլինի քննական, դարձյալ թողնված է աշակերտի ընտրությանը:
 
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թիվը, ինչպես նախկինում եւս նշել ենք, 6-ի փոխարեն դարձել է 3-ը` «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա»: Ընդ որում, եթե դրանք չեն համընկնում միասնական քննությունների հետ, այսինքն` այդ առարկաները հանձնելու անհրաժեշտություն չի լինելու բուհ ընդունվելու համար, ապա 12-րդ դասարանցին իրավունք ունի տվյալ առարկայից քննություն հանձնել հունվարին, իսկ արդեն հաջորդ կիսամյակի համար ընտրել առնվազն երեք առարկա եւ դրանք կրկնել առավել շատ դասաժամով: 12-րդ դասարանում նշված երեք պարտադիր քննություններն անցկացվելու են գրավոր: Մյուսներից կնշանակվեն տարեկան գնահատականներ` մատյանի տվյալների ամփոփումով:
 
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 1-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, վերջինս էլ այդ տվյալները մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ պետք է փոխանցի գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը կենտրոն է փոխանցելու փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:
 
12-րդ դասարաններում, եթե աշակերտները որոշեն քննություններ հանձնել նախօրոք, դրանք կանցկացվեն հունվարի 14-28-ը: Տարեվերջյան քննությունները կանցկացվեն հունիսի 1-24-ը` բոլոր ավարտական դասարաններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանն ասաց, որ ըստ առարկաների քննական օրերը դեռեւս որոշված չեն: Դա հայտնի կլինի դեկտեմբերին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular