Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի քաղաքացիները հոգնել են Հայաստանից։ Գիտեմ՝ ցավոտ արձանագրում է, բայց իրականության աչքերին ուղիղ է պետք նայել: Տարբեր ժամանակաշրջաններում դա արտահայտվել է յուրովի։ 90-ականներին, երբ պատերազմ էր, ցուրտ էր ու մութ, երբ վայրի կապիտալիզմի կանոններով փոշիացվում էր ազգային հարստությունը, մարդկանց մի մասն ուղղակի հեռացավ երկրից, մի մասը հարստություն դիզեց, մի մասն էլ, ինչպես աղքատ կար, այդպես էլ մնաց։
Ի դեպ, ամենամեծ արտագաղթը հենց այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել, ամենաշատը հենց այդ ժամանակահատվածում են որոշ մարդիկ ոչ մի բանից կտրուկ հարստացել, և ամենաշատը հենց այդ ժամանակաշրջանում միջին բարեկեցությամբ ապրող մարդիկ աղքատացան։ Ինչևէ, 2000-ականներից հետո որոշակի կայունության և զարգացման ժամանակաշրջան էր, բայց հասարակության խորը շերտավորումը շարունակվեց, անվտանգային և տնտեսական ձեռքբերումներից զատ, ժողովուրդը նաև արդարության և իրավունքի գերակայության պահանջարկ ուներ, ինչն այդպես էլ և ոչ մի իշխանության ժամանակաշրջանում իրողություն չդարձավ։
Այդուհանդերձ, որքան էլ Հայաստանից (նկատի ունենք օրվա իշխանությունը) «նեղացած» մարդկանց քանակը երբևէ քիչ չի եղել, սակայն այն այսօր ֆանտաստիկ չափերի է հասնում։ Գործող իշխանությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան հասնել նրան, որ փոքր իսկ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել հասարակության կեսից ավելին։ Մարդիկ հոգնել են իշխանությունից, ընդդիմությունից, դատարաններից, պետական մարմիններից, հարևանից, գյուղապետից, իրարից, մեծ հաշվով՝ բոլորից։ Հանրային կյանքի ներդաշնակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող և ոչ մի գործիք այլևս չի աշխատում։ Մարդը չգիտի՝ ինքը սև է, թե սպիտակ, նախկին, թե ներկա, գել, թե գելխեղդ, ու առհասարակ՝ ՀՀ լիիրավ քաղաքացի է, թե ոչ։ Հայաստանից հոգնել է Սփյուռքը։ Գերազանցապես նրանց ուղարկած փողերով կառուցված Արցախը գրչի մեկ հարվածով զիջվեց թշնամուն։
Նրանց ուղարկած փողերով կառուցված Հայաստանը բռնել է կործանման ճանապարհը, և որ ամենաթարմն ու սարսափելին է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրանց կողմից հանգանակված տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք բանակի ու զինվորի համար էին, չկան, չգիտենք՝ ուր են, չգիտենք՝ ինչի վրա է ծախսել Նիկոլի կառավարությունը։ Հայաստանից հոգնել են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Ֆրանսիան, մեր հարևան Իրանն ու Վրաստանը, միջազգային կառույցները։ Վերջին երեք տարիներին իշխանությունները հնարավորն ու անհնարինն արել են վարկաբեկելու և նեղացնելու բոլոր այն երկրներին ու կառույցներին, որոնք մշտապես մեր կողքին են եղել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատելուց մինչ Վրաստանի կառավարությանը ծաղրելն, ինչ խոսք, թանկ գին արժեցավ Հայաստանի համար։
Վերը թվարկած սուբյեկտների հավատը, վստահությունը, ջանքերը դեռ կարող ենք հետ բերել արտաքին և ներքին ճիշտ, նպատակաուղղված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ապա ի՞նչ անել, երբ Հայաստանից «հոգնել» է սեփական երկրիդ իշխանությունը։ Ի՞նչ անել, երբ կառավարիչները ոչինչ չեն անում կայունության, համերաշխության և վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ բերելու համար։ Աբսուրդ է, բայց նաև փաստ, որ գիտակցաբար, կամովին նստել ենք խարխուլ մակույկը ու հանձնվել ենք ծովի ալիքներին։ Բոլորս այնքան նեղացած ու հոգնած ենք մեկս մյուսից, որ մտածում ենք՝ ավելի լավ է խորտակվենք, քան ձեռք ձեռի տանք ու փրկվենք։ Ինչպես ժողովուրդն է ասում, ո՞ւմ ենք «ինադ» անում՝ նախկինների՞ն, ներկաների՞ն, չինովնիկի՞ն, գեներալի՞ն, ռուսների՞ն, թուրքերի՞ն, ո՞ւմ։ Հասկացանք՝ հոգնել ենք ամեն ինչից ու ամենքից, բայց հոգնել ենք նաև հող ու ջրի՞ց, հայրենիքի՞ց, արևի տակ ապրելու անկյուն ունենալո՞ւց։
Հայ ազգը, որն ապրում է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, պարտք ունի այն տասնյակ հազարավոր տղերքի առաջ, որոնց արյան գնով այսօր կան հայկական երկու պետությունները։ Այդ պարտքը հետ տալու մի ձև կա՝ շտկել մեջքներս, ապրել ու արարել։ Մեր հայրենիքն ու ժողովրդին ֆիզիկական, բարոյական և հոգեբանական ոչնչացման տանող անձը, որը դժբախտ պատահականությամբ հայտնվեց իշխանության ղեկին, միևնույնն է, հեռանալու է, սակայն առավել քան կարևոր է, թե մենք, որպես ազգ, ինչքան արագ կինքնակազմակերպվենք, կֆիքսենք մեր ազգային նպատակներն ու իղձերը, կթերթենք մեր պատմության ամենաամոթալի ու ողբերգական էջերից մեկն ու առաջ կնայենք։
Անի Առաքելյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում