«Ժողովուրդ». Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում «Իմ քայլի» պատգամավորների հետ․ «50 տոկոս ենք հավաքելու»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչեւ ԱԺ հավանական արտահերթ ընտրությունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հանդիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաեւ փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել եւ ինչ նպատակներ ունի:
Նա խոստանում է կատարել բոլորի նպատակները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների եւ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում։Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն:
Մենք տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որեւէ կեղծիքի նորից ընտրվելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին եւ նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում