ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ատոմակայան կառուցելու մասին Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյացիաներ են․ Արմեն Մանվելյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նոր ատոմակայանի, պղնձաձուլարանի և երկաթուղու կառուցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյացիաներ են, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյան:

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը բացարձակապես կապ չունի երկաթուղու կամ պղնձաձուլարանի կառուցման հետ։

«Նախ մենք պղնձաձուլարան չենք կարող կառուցել, որովհետև հումքը ըստ անհրաժեշտ ծավալի չէ։ Այսօր աշխարհում պղնձաձուլարանները կենտրոնացած են մի քանի երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, Եվրոպայում Գերմանիան է, և դրանց հետ մրցակցել չենք կարող»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու դեպի Իրան երկաթուղային ուղու բացումը նույն շղթայի տարբեր օղակներ են։

«Հայաստանը` որպես պղնձի հանքանյութով հարուստ երկիր, բնականաբար հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրողների մոտ։ Բայց մեր քննարկումները մեզ անընդհատ հանգեցնում են այն եզրակացության, որ այս հարցում ներդրումները, այնուամենայնիվ, կարևոր են։ Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու տարբերակը, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը»,– ասել էր Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ հիմնականը դեպի Իրան ու դեպի ՌԴ երկաթուղու բացումն է։

Արմեն Մանվելյանը նկատեց, որ նոր ատոմակայանն էլ հնարավոր չէ Հայաստանում կառուցել, անկախ նրանից, կունենանք երկաթգիծ, պղնձաձուլարան, թե՝ ոչ։

«Ատոմակայան կառուցելու համար պետք է էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն ունենալ։ Իսկ էլեկտրաէներգիա արտահանելու ծրագրերը, որ կային, ներկա իշխանությունները շատ հաջող ձախողել են․ և՛ իրանական ուղղությունն են ձախողել, որ երկու տարի առաջ պետք է շահագործման հանձնվեր, և 2016-ին կնքվել էր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան բարձրավոլտի կառուցման ծրագիր, սակայն դրա բանակցություններն էլ իշխանությունները ձախողեցին»,- ասաց նա՝ նշելով, որ ոչ ոք նոր ատոմակայան չի կառուցի մի երկրում, որտեղ միայն ներքին շուկա կա, որն էլ շատ փոքր է։

Արմեն Մանվելյանը մատնանշեց, որ ռուսական ամենափոքր ռեակտորը 100 մեգավատ հզորություն ունի, որի արժեքը 5 միլիարդ դոլար է։ «Այն դեպքում, երբ Հայաստանի պահանջարկը ընդամենը 1000-1300 մեգավատ է, իմաստ չկա նոր ատոմակայան կառուցելու համար։ Ոչ ոք ներդրում չի անի, ատոմակայան չի կառուցի, անկախ նրանից, թե դու ունես երկաթգիծ, պղնձաձուլարան, թե՝ ոչ»,- ասաց նա։

Փորձագետը նորից ընդգծեց՝ նոր ատոմակայան կառուցելու համար պետք են արտահանման ուղղություններ, իսկ իշխանությունները ձախողել են այդ ծրագրերի իրականացման պայմանագրերը, բանակցությունները։

«Ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են, և Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են, և դրանց ոչ ոք էլ լուրջ չի վերաբերվում,- ասաց նա՝ նշելով նաև, որ հարցը, իր կարծիքով, չի է եղել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման օրակարգում, չնայած որ Փաշինյանը հակառակն էր պնդում,- բացի դրանից, ասեմ, որ Հայաստանը նոր ատոմակայան չի  էլ կարող կառուցել։ Կարող է կառուցել նոր ռեակտոր ատոմակայանի սահմաններում, որովհետև եթե նոր ատոմակայան ես ուզում կառուցել, պետք է ստանաս ՄԱԳԱՏԷ-ի սերտիֆիկատը, որի կարիքը չունես, եթե ունես գործող ատոմակայան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular