ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 19-ին համատեղ այց են կատարել Սյունիք մարզի Խնածախ գյուղ, Գորիս քաղաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խնածախում առաջնային հարցն է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում է իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ:

Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:

Խնածախում բնակիչների հետ քննարկվեցին նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ և այլն:

Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:

Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները:

Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ»,- գրել է նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular