Կնոջը ծեծած «Ջունգլ»-ին դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸhraparak.am-ը գրում է.
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ «Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը փողոցում ծեծի է ենթարկել կնոջը: Դեպքից հետո Զարուհու ահազանգով ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, որտեղ կինը բողոք է ներկայացրել:
Մեր տեղեկություններով՝ դեպքից հետո՝ շաբաթ լույս կիրակի գիշերը, «Ջունգլ»-ին դանակահարված վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ԲԿ-ից՝ նշելով, որ այժմ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է: Դեպքի մանրամասները փորձեցինք ճշտել ոստիկանությունից, սակայն վերջինիս լրատվական ծառայությունը հեռախոսազանգերին չպատասխանեց:
Նշենք, որ «Ջունգլը» հանրությանը հայտնի էր դարձել ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծի ենթարկելու դեպքից, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Որոշ ժամանակ անազատության մեջ մնալուց հետո «Ջունգլը» ազատ էր արձակվել, քանի որ դատաբժշկական երկրորդ եզրակացությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը ծեծի հետեւանքով չի մահացել, նա ի ծնե հիվանդ է եղել և այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: «…Գործով բոլոր չորս մեղադրյալները ազատության մեջ են, ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ»,-գրել էր հրապարակախոսը։