Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ամոթ ու խայտառակություն է․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Երբևէ չեմ տեսել կամ լսել, որ աշխարհում նման երևույթ տեղի ունեցած լինի: Աննախադեպ է, երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող մարդը երկրում ազատ տեղաշարժվելու, ազատ, առանց հազարավոր ոստիկանների, մինչև ատամները զինված բյուր թիկնապահների և վերջապես առանց զրահաբաճկոնի մարդամեջ դուրս գալու խնդիր ունենա: Մարդը վերցնում, իր գաղտնի, գիշերային այցից մեկ օր առաջ աշխատանքից ազատում է մի քանի բարձրաստիճան ոստիկանների՝ ըստ երևույթին, կարծելով, որ նոր նշանակված ոստիկանապետները կկարողանան իր այցը Սյունիքի մարզ կազմակերպել հավուր պատշաճի:
Լավ, քարը գլուխը, այդպես է պատկերացնում, թող այդպես լինի, սակայն երկու հարց, այդուհանդերձ, առաջացել է. նախ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չանցավ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածով, որն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: Վախենո՞ւմ էր գերի ընկնել: Եթե երկրի ամենապաշտպանված մարդը վախենում է այդ ճանապարհով անցնել, ապա ինչպե՞ս է հանգիստ վերաբերվում փաստին, որ հասարակ քաղաքացիներ են օգտվում այդ ճանապարհահատվածից: Եվ երկրորդ՝ ինչպես կասեր դասականը, գնացել ես Սյունիք, գիշերով մտել ես տներ, մարդկանց առանց այն էլ խաթարված անդորրը կրկնակի փչացրել ես, որ ի՞նչ անես: Պատկերացնել կարելի է մարդու և ղեկավարի քաղաքական ու բարոյական անկման աստիճանը, որ GPS-ով թուրքի ձեռքը բռնած սահման գծի, մարդկանց տներից զրկի, թշնամուն բերի 25 մետր այն կողմ կանգնեցնի, հետո քաղցրավենիք վերցնի, գնա մտնի նույն այդ մարդկանց տները՝ հույսով, որ լավ հյուրընկալության կարժանանա:
Նույնիսկ Շուռնուխ, Գորիս, Կապան համայնքների ղեկավարները թեկուզ արարողակարգով չեն դիմավորում: Քաղաքագիտական բառամթերքը չի բավականացնում մեկնաբանելու այս ամենը: Ի դեպ, Սյունիքի մարզ Նիկոլի այցին նախորդել էր Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ, զավթողական հայտարարությունը Սյունիքը ուժով վերցնելու մասին: Ինչևէ, կարծում եմ՝ Փաշինյանի սյունիքյան գիշերային արկածների, ապա և ԱգարակՄեղրի-Քաջարան հայհոյախառն «շրջայցի» արդյունքները շուտով կլսենք: Վախենամ, որ դրանք բարի չեն լինելու Հայաստանի համար: Հաջորդ իրողությունը, որի մասին փորձել եմ չխոսել, սակայն պետք է ասել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Այսպես. Նիկոլ Փաշինյանը դատարկ դագաղներով եկավ իշխանության ու կհեռանա՝ իր հետևից թողնելով տասնյակ հազարավոր դագաղներ։ Բայց մինչև հեռանալը նա կշարունակի զինվորների գերեզմանների մոտ իրականացնել իր ֆոտոսեսիաները՝ դերասանական վարպետությամբ չոքել, զոհվածի մոր, կնոջ կամ քրոջ ձեռքը համբուրել, սրտաճմլիկ տեքստեր ասել:
Սակայն արհեստականությունն ուղղակի զռռում է, և ուզում ես հարցնես՝ բա քեզ հետ հանդիպումներից դուրս եկող զոհված, անհետ կորածների ծնողներն ինչո՞ւ են այնպիսի բաներ պատմում, որ մարդու առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Պարզ է՝ այդ հանդիպումների ժամանակ տեսախցիկներ չեն աշխատում, հետևաբար էժանագին շոուների նպատակահարմարություն չկա։ Եվ հետո, այդ ինչպե՞ս է լինում, որ իբր հասկանում ես դժգոհող քաղաքացիներին, սիրում ես բոլորին, բայց մեկ էլ ու հանկարծ «արա»-ով ես դիմում նույն այդ քաղաքացուն, որը քեզ կապիտուլ յանտ է անվանում: Բոլորին է հասկանալի, որ իրական Նիկոլը հենց սա է: Եվ այն մեկը, որը իրեն ինչ-որ բան գոռացող քաղաքացու հասցեին քթի տակ ասաց, թե «քո հետևից կգան»: Ինչևէ, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ամոթ ու խայտառակություն է՝ մարդկանց հույզերի վրա ազդելու անթույլատրելի դրսևորումներով: Հազարավոր ոստիկանների օգնությամբ «գրոհով» Եռաբլուր ներխուժած մարդն այս դերասանությունը մեկ նպատակի համար է անում՝ ուղղակի պարզագույն PR-ի, ուրիշ ոչնչի։ Նրանը դերասանությունն է՝ ընտրություններից առաջ էժանագին քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։
Անի Առաքելյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում