Պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները
ՍՊՈՐՏԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ) և Վարուժան Գրիգորյան (77 կգ):
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք Էկրեմ Օզտուրկի հետ:
Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովի հետ:
Վարուժան Գրիգորյանը ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով թուրք Էմրե Բասարի հետ:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին ներկայացել էր 4 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ: Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) հաջողության չէին հասել: Արման Ավագյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: