ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամանքն ու ատելությունը կարող են հասնել կրիտիկական կետի. այդպե՞ս է պետք․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր երկրի հզորությունը և զարգացման պոտենցիալը որոշվում է ոչ միայն ունեցած ռեսուրսներով, տարածքով ու բնակչության թվով, այլ նաև հանրության ներսում առկա բարոյահոգեբանական իրավիճակով, որի դեպքում համախմբվածությունն ու միասնությունն ամենակարևոր գործոններն են։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Նիկոլ Փաշինյանը, որն իր գլխավորությամբ իրականացրած իշխանափոխությունն անվանեց «սիրո և համերաշխության հեղափոխություն», 2018 թվականի գարնանը շարժումը սկսելուց ի վեր համերաշխության փոխարեն լայն թափով զարկ տվեց ներքին թշնամանքի ու տարաձայնությունների խորացմանը։ Իսկ արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո վերջինս հնարավորություն ուներ հանրությանը համախմբել պետության համար առանցքային գաղափարների շուրջ ու առաջ շարժվել, բայց ընտրեց ատելության գեներացման և հասարակությունը «սևերի ու սպիտակների», «նախկինների ու նորերի» արհեստական բաժանման միջոցով «հերոսանալու» ճանապարհը։

Քիչ չէ, որ հայհոյանքն ու մեղադրանքները դարձան ներքաղաքական կյանքի անբաժանալի մասը, առօրյա երևույթների վերածվեցին մարդկանց արժանապատվությունը ոտնահարող այնպիսի երևույթներ, ինչպես նրանց նկարներով դագաղներ սարքելը, նրանց անունով սև ժապավեններ փակցնելը և այլն։ Էլ չենք խոսում այս երեք տարվա ընթացքում մեր ունեցած սոցցանցային իրականությունից, երբ իշխանությունների «կուրացիայի» տակ գտնվող ֆեյքային ֆաբրիկաները ընդդիմադիրների հասցեին լուտանքներ ու հայհոյանքներ էին հեղեղում ողջ սոցցանցային տիրույթում։ Բնական է, որ յուրաքանչյուր ազդեցություն, թեկուզ լինի ատելության տեսքով, իր հետ բերում է նաև հակազդեցություն։ Հենց դրա արդյունքում է, որ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում այդ ատելությունը դարձավ ներքաղաքական կյանքի հիմնական շարժիչ ուժը։ Ու այս երեք տարվա ընթացքում մենք բազմիցս առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ եթե իշխանությունները վերջ չտան ատելություն գեներացնելու իրենց ավանդական դարձած գործելակերպին, ապա ինչ-որ մի պահի այդ ատելության ողջ դոզան շրջվելու է հենց իրենց դեմ։

Այլ կերպ ասած՝ գործելու է բումերանգի էֆեկտը։ Բայց իշխանությունները երեք տարի շարունակ տաքացրեցին ատելության օձին, իսկ հիմա եկել է ժամանակը, երբ այդ օձն իր տաքացնողին է կծում։ Ուստի պետք չէ զարմանալ, որ Փաշինյանին Սյունիքում հայհոյանքներով ու թշնամանքով դիմավորեցին։ Իհարկե, մենք չենք արդարացնում և դատապարտելի ենք համարում հայհոյանքների ու ոչ պատշաճ վարմունքի ցանկացած դրսևորում, սակայն մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Սյունիք աշխարհի համար առաջ եկած նոր անվտանգային իրողությունները՝ հասկանալի է դառնում այդ մարդկանց վրդովմունքը։ Բայց եթե իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ պարբերաբար ներքաղաքական մթնոլորտ չսրսկեին ատելության հերթական չափաբաժինը, միգուցե սյունեցիների ու Փաշինյանի խոսակցությունն այլ բնույթ ձեռք բերեր, կամ ընթանար զուտ բովանդակային տիրույթում ու դրանով ավարտվեր։ Բայց նույնիսկ այս պահին, երբ ներքաղաքական մթնոլորտն այսքան շիկացած է, իշխանությունները չեն շտապում հետևություններ անել, ու շարունակում են իրենց այն գործելակերպը, որով առաջնորդվում էին։

Այդպես, օրինակ՝ Փաշինյանն իրեն թույլ է տալիս քաղաքացու հետ խոսել «արա»-ով, երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին պատիվ չբերող հայտարարություններ անել, որոնք ավելի են թեժացնում իրավիճակը, անօրինական հրահանգներ է տալիս իրավապահներին, որովհետև իրեն «նեղացրել» են։ Ուշագրավ է, որ Փաշինյանը շատ մեղմ, նույնիսկ վախվորած է արտահայտվում թշնամու սպառնալիքներին հակադարձելու հարցում (եթե, իհարկե, հակադարձում է), բայց շատ դաժան է իր իսկ երկրի քաղաքացիների նկատմամբ։ Ու բնական է, որ իշխանական «նազիր-վեզիրներն» էլ նոր թափ են հաղորդում ներքին թշնամիների փնտրտուքին։ Ինչպես տեսնում ենք, իշխանությունները, խելքի գալու ու նոր իրողություններին առերեսվելու փոխարեն, ավելի են խորացնում ներքին թշնամանքը։ Իսկ եթե այսպես շարունակվի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում ատելության դոզան կարող է հասնել այնպիսի կրիտիկական կետի, երբ ներքաղաքական բախումներն անխուսափելի կլինեն։ Թեպետ, գուցե անհիմն չեն կարծիքները, որ Նիկոլ Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular