Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կկոտրի կարծրատիպը, որ մենք շրջափակման մեջ ենք․Վարդան Ոսկանյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸTert.am-ը գրում է.
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում է տեսնում: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Իրանի նախագահի այցով պետք է ամփոփվեն այս ընթացքում երկու երկրների հարաբերություններում եղած համագործակցության արդյունքները և նախանշվեն նորերը:
«Այս հարաբերություններում թե՛ իրանական կողմի, և՛ հայկական կողմի համար առաջնային է համարվում տնտեսական ոլորտը, որը կարիք ունի լրացուցիչ խթանման»,- ասաց նա՝ նկատելով, որ Իրանի կողմից Հայաստանը շատ կարևորվում է, քանի որ այն կապող օղակ պետք է լինի Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
Իրանագետը հիշատակեց կոմբինացված բեռնափոխադրումների ծրագիրը, երբ Եվրոպայից ժամանած բեռները վրացական նավահանգիստներից երկաթուղիով հասնելու են Երասխ, իսկ այդտեղից բեռնափոխադրող մեքենաներով բեռները տեղափոխվելու են Իրան:
«Կոմբինացված այս բեռնափոխադրումների ծրագիրը արդարացված է»,- ասաց նա:
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Վարդան Ոսկանյանը մատնանշեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որի շնորհիվ Իրանը ևս մեկ հնարավորություն կունենա դուրս գալու Սև ծով, հետո նաև Եվրոպական շուկաներ և հակառակը: Ըստ իրանագետի՝ սա շատ կարևոր է Իրանի համար, քանի որ ազատվում է թուրքական ուղիներից կախվածությունից:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ կարևոր է նաև Իրանի հետ Հայաստանի գազային համագործակցության ձևաչափը: «Իրանական գազը արտահանելու համար հատուկ ընկերություն է ստեղծվել»,- հիշեցրեց նա՝ մատնանշելով այն հանգամանքը, որ գազամուղն է ընդլայնվում: Նա նաև երկու երկրների հարաբերությունների՝ հատկապես տնտեսական զարգացմանը միտված քայլ համարեց վիզային ռեժիմի չեղարկումը: Ըստ իրանագետի՝ միակ ոլորտը, որտեղ երկու երկրների միջև եղած համագործակցությունը կաղում է, մշակութայինն է, որը, նրա խոսքով, կարելի է զարգացնել երկու ժողովուրդների փոխադարձ շփումների շնորհիվ:
Վարդան Ոսկանյանն անդրադարձավ նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններին և դրանց հետ կապված առկա մտահոգություններին: «Մենք մեր օրակարգը սահմանելիս, ըստ էության, չպետք է ուշադրություն դարձնենք այդ հարաբերություններին»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, պետք է հետևենք դրանց զարգացմանը՝ մի բան հաշվի առնելով. Իրանը երբևիցե չի մասնակցել Հայաստանի մեկուսացմանը:
«Նրա շահերից չի էլ բխում Հայաստանի մեկուսացումը»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ իրանական դիվանագիտությունն ունի իր առանձնահատկությունը․իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես բացառիկ երկիր, և Հայաստանի միջոցով իրենց քարոզչությունն են անում՝ ցույց տալով, որ համագործակցում են քրիստոնյա երկրի հետ:
Անդրադառնալով Հայաստանը Իրանին կապող երկաթուղու հնարավոր շինարարությանը և դրա համար պահանջվող ֆինանսավորման խնդրին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ անգամ եթե երկաթուղին կառուցելու համար պահանջվի իրականացնել հսկայական ծախսեր, ապա այն պետք է շարունակի մնալ չափազանց կարևոր ծրագիր:
«Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական կարևորություն, այլ նաև կոտրում ենք կարծրատիպը, թե Հայաստանը շրջափակված է: Հայաստանը պատմականորեն եղել է մշակութային, քաղաքական խաչմերուկ: Եթե անգամ չունենք այդքան գումար ծրագիրն իրականացնելու համար, ապա երկաթուղու կառուցումը պետք է պահենք օրակարգում»: