ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա միայն հայերի պայքարը չէ. Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ հայերեն լեզվով ուղերձ է հղել՝ շեշտելով, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ պայքար մղել՝ հանուն արդարության և ճշմարտության:

Մակրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հայերեն ուղերձում ասվում է.

«Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա»:

Մակրոնը հիշեցրել է, որ ինչպես հանձն էր առել, 2019թ.-ից, ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի իրենց հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։

«Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել»,-գրել է Մակրոնը:

Նա շեշտել է, որ պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։

«Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը»,-եզրափակել է Մակրոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular