ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևավճար ստացած Թանդիլյանն արդյո՞ք հիմա էլ հանցագործության մասին կահազանգի՝ պահանջելով վերադարձնել պարգևավճարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս 168.am-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստան է վերադառնալու  Փաշինյանի առաջարկով «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, այդ կուսակցության ղեկավար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ ընտրություններին մասնակցելու համար։

168.am-ի այս տեղեկությունը հրապարակելուց օրեր անց Մեսրոպ Առաքելյանը  հրաժարական տվեց, իսկ առաջիկայում սպասվում է Թանդիլյանի հրաժարականը, որպեսզի երկուսով միասին աշխատեն հօգուտ Փաշինյանի։

Ձևավորված Թանդիլյան-Առաքելյան համագործակցության նպատակը Փաշինյանի համար ձայներ փախցնելն ու հետագայում դրանց դիմաց պաշտոններ ստանալն է, ու քանի որ այս համագործակցության առանցքը հենց Թանդիլյանն է, որի հետ էլ մեծավ մասամբ հույսեր է կապում Փաշինյանը, ներկայացնենք մի կարճ դրվագ պետբյուջեի «ամեն մի կոպեկի» պարգևատրումը պետական դավաճանություն համարող, բայց այդ նույն բյուջեով ինքն իրեն միլիոնների պարգևավճարներ տված Մանե Թանդիլյանի մասին։

Երբ Մանե Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ գրելով, թե Ֆինանսների նախարարությունում հայտնաբերվել են խախտումներ, իսկ իր կատարած ամենամեծ բացահայտումը վերաբերում է Ֆիննախում ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով:

Դժվար թե պետբյուջեի յուրաքանչյուր կոպեկի մասին մտածելու մասին գրառում կատարած Թանդիլյանը շփոթած լիներ «Պետական պաշտոններ և Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 22-րդ հոդվածի պահանջները, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն հասկացությունները, և չիմանար, որ հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական ծառայության պաշտոնյա չեն, բայց դրանք պետական պաշտոն են, հետևապես՝ Ֆիննախում տրված պարգևավճարները չեն կարող լինել վերականգնման ենթակա։

Բնականաբար, Թանդիլյանն այս մասին գիտեր, օրենքը կարդացել էր, բայց քանի որ 2018 թվականի նախընտրական շրջանն էր՝ նոյեմբերը, վերջինս պահանջել էր Ֆինանսների նախարարությունից 55 միլիոն դրամ պարգավճարը վերադարձնել պետական բյուջե, իսկ երբ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (ԿՌՈՒ) Թանդիլյանին բացատել էր, որ օրենքով դա վերականգնման ենթակա չէ, Թանդիլյանը Ֆեյսբուքում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, Ֆիննախի աշխատակիցներին հասցրել Դատախազության դռները, որովհետև Դատախազությունն անցել էր գործի, հարուցվել էին քրեական գործեր, բայց հարուցումից մինչ այսօր՝ 3 տարի անց, որևէ մեկն ապօրինի պարգևավճար ստանալու համար չի՛ դատապարտվել, որևէ մեկը չի՛ վերադարձրել ստացած պարգևավճարը, քանի որ օրենք չի խախտվել։

Հիմա հարց է առաջանում՝ 55 միլիոն դրամի պարգևավճարը պետական բյուջեի  թալան ու պետական դավաճանություն համարած Մանե Թանդիլյանն արդյոք նմանատիպ մի գրառում էլ կանի՞ հիմա, չէ՞ որ իր թիմակցի՝ Մեսրոպ Առաքելյանի  ղեկավարած կառույցում տրվել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ՝ սահմանված ոչ թե օրենքով, այլ՝ Կառավարության որոշմամբ։

2018 թվականի նախընտրական տրամաբանությամբ արդյոք հիմա՝ 2021 թվականի նախընտրական սեզոնին, Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տրված պարգևավճարները կհամարի՞ վերադարձման ենթակա ու դարձյալ գրառում կանի՞ հանցագործության մասին, կերևա շուտով։ Միայն հավելենք, որ այս նախարարությունում եղել են ժամանակներ, երբ ընդամենը 5 ամսվա ընթացքում բաժանվել է 237 միլիոն դրամ պարգևավճար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular