Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Isuzu-ն բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել ձորում. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար- հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Isuzu մակնիշի 50 ՕՕ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի թաղամասի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է առաջացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Տիտիզյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, Մուղնի թաղամասի բնակիչներն ու քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Մեքենայում հայտնաբերվել է Մովսես Խաչատրյանի անվամբ ավտոմեքենայի գազի թույլտվության վկայական։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։ Այս պահին տեղում աշխատում են Աշտարակի էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր բարեբախտաբար այս անգամ շուտ են ժամանել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր Նորք 8-րդ զանգվածի բնակիչ, 61-ամյա Մարտուն Մաթևոսյանի անվամբ։