ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արավուսի նույն հովվի նկատմամբ ադրբեջանցիները երկու անգամ են ոտնձգություն կատարել. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արավուսի հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Նման տեսակետ է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով Արավուսից այդ տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո Սյունիքում նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ։

Թաթոյանը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տնից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետև, երբ տեսել են, որ հովվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյել են նաև ապրիլի 20-ին, ժամը 19-ի սահմաններում և սպառնացել զենքով։

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այլ բնակիչներ ասել են, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանցի զինվորականների գոռգոռոցներ և տեսել, որ ադրբեջանցիները մոտեցել են հովվին։

Արավուս գյուղի ղեկավարը ՄԻՊ–ին հայտնել է, որ ադրբեջանական դիրքերից Արավուսի բնակելի տները 500 մետրից էլ պակաս հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտում:

ՄԻՊ–ը նաև շեշտում է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Թաթոյանը նշում է, որ Արավուսի միջադեպի մասին տեղեկությունները կուղարկի միջազգային կառույցներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular