ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենակարևոր խնդիրն է առաջանում՝ ի՞նչ պետք է լինի ճանաչումից հետո․ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի․ թուրքագետը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Թուրքիայի հանդարտությունը կասկածների տեղիք է տալիս։

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց մինչ ճանաչումը Բայդենի հեռախոսազանգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ապա նկատեց, որ գուցե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդպես պետք է անի։

«Մինչ այս նման ճանաչումների ժամանակ Թուրքիան թռչում էր բարիկադերի վրա։ Նման հայտարարությունները թուրքերը միշտ որպես ծանր հարված են ընդունել։ ԱՄՆ-ը գերտերություն է և նաև նրանց դաշնակիցը, այդ ի՞նչ եղավ, որ միանգամից ընդունեցին եղելությունը։ Կարծես թե պայմանավորվածություն կար, որ ԱՄՆ-ը նման բան պետք է անի։ Սակայն ինչի՞ համար․ ԱՄՆ-ը Թուրքիային ավելի լավ պատա՞ռ է տալու, ինչ-որ շահ ունի՞, որ Թուրքիան, որ գլուխը կախ ընդունում է այս հայտարարությունը»,- ասաց նա։

Տիրան Լոքմագյոզյանը հիշատակեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և նույն ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի մարզ։ «Ինձ մոտ կասկած է առաջանում, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, և թե՛ ԱՄՆ-ի միջև»,- ասաց նա։

Տիրան Լոքմագյոզյանը Ցեղասպանության ճանաչման գործընթացում, այնուամենայնիվ, կարևորեց հայ համայնքի դերը, նկատեց, որ Հայ դատը սփյուռքում տարիներ շարունակ զբաղվում է այս խնդրով։

«Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարվա մեջ կարելի է ասել, որ ընդհանրապես ոչինչ չարեցին այդ ուղղությամբ, և այդ գործընթացը թողեցին սփյուռքի, ավելի ճիշտ, ամերիկահայերի ուսին։ Կարծես ճանաչումը միայն սփյուռքի գործն է, Հայաստանին չի հետաքրքրում Ցեղասպանության ճանաչման խնդիրը»,- ասաց նա։

Հիմա, ըստ նրա, ամենակարևոր խնդիրն է առաջանում՝ ի՞նչ պետք է լինի ճանաչումից հետո։ «Պետք է հարց բարձրացնել, թե ինչու է դա արվում, նպատակը ո՞րն է։ Թուրք լրագրողներից, գիտնականներից շատերն են ինձ հարցրել՝ «լա՛վ, դուք ի՞նչ եք ուզում մեզնից»։ Եվ տեսեք, որ ո՛չ թուրքերն են հասկանում, թե մենք ինչ ենք ուզում, ո՛չ էլ մենք գիտենք դա։ Հայաստանի տարբեր օղակներից, տարբեր ժամանակներում տարբեր պահանջներ են հնչում․ մեկը ասում է՝ մենք հող չենք ուզում, մյուսն ասում է՝ հող չենք ուզում, փող ենք ուզում, մեկ ուրիշ էլ ուզում է, որ միայն Արարատը իրենը լինի։ Այսինքն՝ մենք մի ազգային գաղափարախոսություն չունենք»,- ասաց նա՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չպետք է լինի։

Տիրան Լոքմագյոզանը նաև հիշատակեց, որ Ջո Բայդենը միակ ԱՄՆ նախագահը չէ, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռեյգանը ևս նման քայլի է գնացել։ «Հարց է առաջանում՝ հիմա ամեն նախագահ պետք է ճանաչի՞։ Մենք չենք բավարարվել մինչ այսօր Ռեյգանի ասածով։ Ամեն նախագահի պետք է դիմե՞նք Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Հետո ի՞նչ է լինելու։ Հիմա պետք է հասկանանք, հետո ի՞նչ ենք անելու, ի՞նչ և ումի՞ց ենք ուզելու»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե ամերիկահայերը նշում են, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից նրանց հնարավորություն է տալու ԱՄՆ դատարաններում իրենց իրավունքները պաշտպանել, ստանալ փոխհատուցում, Տիրան Լոքմագյոյանը նշեց․

«Չգիտեմ՝ դա կստացվի՞, թե՝ ոչ։ Եթե քաղաքական կամք լինի ԱՄՆ-ում այդ ուղղությամբ, ապա կստացվի, եթե չլինի, ուրեմն չի լինի։ Բայց Ձեր ասածը փողին է  վերաբերում։ Այսինքն՝ մեր ամբողջ ցանկությունը Թուրքիայից ընդամենը փող ստանալն է, ինչպես մի քանի հոգի ամերիկյան մի քանի ապահովագրական ընկերությունների դատի տվեցին ինչ-որ փողեր ստանալու համար, և ինչ-որ մարդիկ ուրախացան, որ իրենց մահացած բարեկամի շնորհիվ կարողացան նոր հեռուստացույց կամ սառնարան գնել։ Դա՞ է մեր նպատակը։ Եթե դա է, ապա գուցե այդ մասին թուրքերին ասենք, նրանք այդ փողը մեզ տան։ Նրանք մեզ մի քանի միլիոն դոլար կտան, կասեն՝ փողը տվեցինք, հողը վերցրինք, վերջ։ Բայց դա՞ է մեր հայ ազգի վերջնանպատակը․ ինչ-որ կոպեկներ ստանալ և ուրախանալ,  մեր հայրենիքը վաճառել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իհարկե Թուրքիայից ֆինանսական հատուցում պետք է պահանջենք, բայց դա վերջինը պետք է լինի։ «Մենք առաջին հերթին կորցրել ենք հայրենիք և պետք է սեղմենք Թուրքիայի կոկորդը, պահանջենք, որ մենք մեր հայրենիքը պետք է վերականգնենք։Գուցե այլ տեսքով լինի, սկզբնական շրջանում ինչ-որ իրավունքներ ձեռք բերենք այդ հողերի վրա, հետագայում արդեն խոսենք փոխհատուցման մասին»,- ասաց նա։

Նման գործընթացի մեկնարկ, Տիրան Լոքմագյոզանի խոսքով, ինքը այս իշխանություններից չի ակնկալում։ «Մեր այսօրվա իշխանություններից ոչ միայն դրական բան չեմ սպասում, այլև՝ ընդհակառակը միայն բացասականն եմ սպասում։ Իզուր չխոսեցի դեսպան Թրեյսիի՝ ապրիլի 24-ից առաջ Սյունիքի մարզ այցի մասին։ Նույն ժամանակ Սյունիքի մարզում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդպես էլ չհասկացանք, թե մեր վարչապետը ինչի՞ համար էր գնացել Սյունիք, ի՞նչ էր խոսում, ո՞ւմ հետ էր խոսում։ ԱՄՆ դեսպանն ինչի՞ էր այնտեղ։ Միայն նկատեցինք, որ դրանից անմիջապես հետո նման հայտարարություն արվեց։ Գուցե ժամանակն այնպես էր կազմակերպվել, որ ապրիլի 24-ից շատ կարճ ժամանակ առաջ Թրեյսին գնար այնտեղ, հարցեր լուծեր, գուցե նաև հասկանար ինչ-որ բաներ, որ ըստ այդմ Բայդենը ճանաչեր Ցեղասպանությունը։ Դրա համար ես ավելի շատ վախենում եմ մեր այսօրվա կառավարությունից, քան հույսեր եմ կապում նրա հետ»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular