ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-Հայրենիք դաշինքը ճի՞շտ է, թե՞ սխալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողջ հասարակական-քաղաքական դաշտը անհամբեր սպասում էր, թե առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասով ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն։ Պակաս ինտրիգային չէր նաև վերջին շրջանում Արթուր Վանեցյանի քչախոսությունը։ Այդուհանդերձ, շատերի համար անսպասելի ձևով ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Հարկ է նկատել մի շատ կարևոր առանձնահատկություն. այս դաշինքը երեկվանից շահարկվում է տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից՝ ըստ ճաշակի, նախասիրությունների և քաղաքականության մասին էզոտերիկ պատկերացումների։ Տարօրինակ է, բայց մինչև վերջերս որ ընդդիմադիր քաղաքական ուժին հարցնեիր, կասեին, այո, պետք է համախմբվել, ընդհանուր բևեռ ձևավորել, մի կողմ դնել բոլոր ամբիցիաները, նախկինում եղած տարաձայնությունները և միասնական պայքարել չարիքի իշխանության դեմ։ Հասկանանք խնդիրը ըստ էության։

Քաղաքական դաշտի երկու առանցքային կուսակցություններ միավորում են իրենց քաղաքական կապիտալը Նիկոլի իշխանության դեմ պայքարում։ Դա ճի՞շտ, թե սխալ, արդյունավե՞տ, թե՞ անպտուղ միավորում է։ Եթե ճիշտ ու արդյունավետ է, ապա «ուրիշի կրակի վրա ձեռքեր տաքացնելն» ի՞նչ նպատակ է հետապնդում, ինչո՞ւ է քննադատվում դաշինքը հատկապես ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի կողմից։ Եթե մինչ այս պահը և այսուհետ ևս քաղաքական գործընթացների գլխավոր նպատակը եղել և լինելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա խնդիրը որտե՞ղ է։ Հակառակ դեպքում տպավորություն է, թե կարելի է միասին հանրահավաքներ անել, քաղաքական գործընթացներ գեներացնել, բայց այ դաշինք չի կարելի կազմել։ Դե անջատ-անջատ, ամեն մեկն իր համար մասնակցի ընտրություններին, փոշիացնի ընդդիմադիր ձայները և սկուտեղի վրա իշխանությունը նորից հանձնի Նիկոլին։

Փաստենք. իրողություն դարձած դաշինքը կրում է դասական բովանդակություն՝ ընդդիմադիր երկու ուժեր մի կողմ են դրել իրենց որոշակի ամբիցիաները և ձևավորել են պայքարի ընդդիմադիր բևեռ։ Ի դեպ, խիստ ցանկալի կլիներ, որ այս օրինակը ուսանելի լիներ այլ ուժերի համար, ովքեր իրականում, այլ ոչ թե սիրողական մակարդակում նպատակ ունեն երկրում հասնելու իշխանափոխության։ Քաղաքականության մեջ հնարավոր չէ լինել ո՛չ կիսահղի, ո՛չ էլ սիրողական մակարդակի։ Հարկ է նկատել նաև, որ իշխանությունները վերջին ամիսներին տարատեսակ կուսակցություններ են բացել, որոնց ընտրություններին միանալու են նաև Նիկոլի «գրպանային ընդդիմադիր ուժերը»։ Նպատակը լույսի պես պարզ է՝ փոշիացնել ընդդիմադիր ձայները։ Հիմա, եթե այս ամենը իրական ընդդիմադիրները տեսնում, հասկանում են, բայց ոչ միայն չեն կոնսոլիդացվում, այլև ավելին՝ դատափետում են նրանց, ովքեր դա անում են, ապա ընտրություններում ընդդիմության պարտությունը երաշխավորված է։ Հասարակությունը Հայաստանում միշտ ցանկացել է տեսնել միաբանված և ուժեղ ընդդիմություն։ Մարդիկ գնում են ուժեղների հետևից:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular