ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին սառեցված վիճակում է գերիների վերադարձի գործընթացը, տեղաշարժեր չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ,Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը։ Այս տարվա մարտին ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները, չի տրամադրել ամբողջական տեղեկություն և դիմել էր ԵԽ նախարարների կոմիտեին։ Այս թեմայով զրուցել ենք  ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե նման հայտարարություններից հետո  ինչ կարող է փոխվել, մասնագետը  պատասխանել է, որ այս ամենը քաղաքական գործընթաց է․ «Շատ կարևոր է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են տեղեկատվություն նաև Եվրոպական դատարանից և խնդրով դիմել է Նախարարների կոմիտե։ Կոմիտեն քաղաքական մարմին է, բայց Եվրոպական միությունն ընդունում է Եվրոպական դատարանի հաստատած փաստերը և այդ փաստերից ելնելով՝ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ համագործակցել իրավական մեխանիզմների հետ։ Սա ճնշման ձև է, որը, եթե ինտենսիվանա, կարող է գործընթացում զարգացում ապահովել։ Հակառակ պարագայում, գիտեք, այս պահին սառեցված վիճակում է գերիների վերադարձի գործընթացը, տեղաշարժեր չկան»։  

Հարցին, թե ի՞նչ  տեղեկատվություն է թաքցնում ադրբեջանական կողմը Սիրանուշ Սահակյանը պատասխանել է․ «Առաջինը նրանք  թաքցնում են գերիներին և այստեղ կա երկու տեսակի խնդիր։ Նախ, մենք ունենք ապացույցներ, որ անձը գտնվում է Ադրբեջանում, բայց դատարանին և այլ գործընկերներին խաբում են և ասում, որ նման անձ Ադրբեջանի իշխանությունների ներքո չի գտնվում։ Իրենց պաշտոնական դիրքորոշումը հիմա այն է, որ 72 անձից բացի այլ անձինք Ադրբեջանում չկան։
Երկրորդ, նրանց վերաբերյալ, ովքեր հաստատված են, դատարանը տեղեկատվություն է պահանջում՝ պահման պայմանների, առողջական վիճակի և հայրենադարձության պլանի վերաբերյալ։ Այսինքն, երբ է Ադրբեջանը նախապատրաստվում հայրենադարձել նրանց, ի՞նչ աշխատանք է կատարում՝ հայրենադարձությունն իրականացնելու համար։ Եվ շատ մակերեսային ու ձևական պատասխաններ են հնչեցվում Ադրբեջանի կողմից։ Օրինակ՝ պատասխանում են, որ «Ադրբեջանը միշտ հարգում է մարդասիրական իրավունքը, և մարդասիրական իրավունքով նախատեսված կանոնները պահպանված են»։ Պաշտոնական փաստաթղթերի փոխարեն երկտողեր է ուղարկում ՄԻԵԴ։
Եվ երրորդ, մինչև օրս չի մատնանշվում հայրենադարձության հստակ օր կամ առնվազն նախապատրաստական աշխատանքների ժամկետ, որոնք կավարտվեն հայրենադարձությամբ»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular