Այո, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանը անցած տարվա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն ակտի ստորագրման հաջորդ իսկ օրվանից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին բազմիցս խոսել եմ։ Եթե նրա՝ տապալված մարզային այցելությունների, ելույթների, կառավարության նիստերում քննարկվող հարցերի խրոնիկան նայեք, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ այդ քարոզչությունը ոչ միայն խոսքի մակարդակով է արվում, այլև օրերս Երևանում հայտնվել են գովազդային պաստառներ, որոնց վրա գրված է «Ապագա կա» և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» բառերը։
Սա օրենքի խախտում է, սակայն իշխանությունը օրենքը խախտելուց չի խորշում՝ այսպիսի օրենքներ են խախտե՞լ, սա մանրուք է մնացածի ֆոնին։ Դատելով պաստառի բովանդակությունից՝ ենթադրելի է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հիմնական կարգախոսը կլինի «Ապագա կա» -ն։ Ի դեպ, արդեն տևական ժամանակ վարչապետի աթոռին կառչած անձը պատեհ և անպատեհ առիթներով օգտագործում է այս բառակապակցությունը։ Նպատակը հասկանալի է։ Միայն հասկանալի չէ, թե ո՞ր ապագայից է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական բարոյականության ու ընդհանրապես բարոյականության անհավանական դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը նվիրես թշնամուն, հազարավոր զոհերի պատճառ դառնաս, հետո հայտարարես, թե Արցախն ապագա ունի։ Եթե դու անկեղծ ես ու կարծում ես՝ Արցախն ապագա ունի, ապա վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, ինչո՞ւ չես այցելում Արցախ:
Սա շատ կարևոր ինդիկատոր հարց է՝ ինչո՞ւ։ Կազմաքանդել է երկիրը, հասցրել կործանման եզրին, բայց ասում է, թե Հայաստանն ապագա ունի։ Նիկոլ, որտե՞ղ ես քեզնով, քեզ հետ տեսնում այդ ապագան՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուրո՞ւմ, զոհված, անհետ կորած, գերի ընկած տղերքի ծնողների, հարազատների ատելությամբ լցված աչքերո՞ւմ, Հադրութում ու Շուշիում տնազուրկ ու հայրենազուրկ դարձած մարդկանց աչքերո՞ւմ։ Որտե՞ղ։ Որտե՞ղ ես տեսնում ապագա, ավելին՝ քեզ պատկերացնում այդ ապագայի կերտող։ Հաճախ եմ մտածում, որ նման կերպ իրեն կարող էր պահել միայն քաղաքական վամպիրը, ով կանգնում է հազարավոր գերեզմանների վրա ու արյունոտ ծափեր է կորզում՝ հայտարարելով, որ ապագա կա, կանգնում է ձեռքերը կամ ոտքերը կորցրած ջահել տղայի առաջ ու ասում, որ ապագա կա, մտնում սյունեցու տուն, որից 12 մետր այն կողմ կանգնած է զինված թշնամին, ու ասում՝ ապագա կա։ Վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, մի չոփ չես վերցրել դրել մի կողմ, մի գործ չես արել, մի ծրագիր չես իրականացրել, ու դեռ խոսում ես ապագայի՞ց։
Իրականում, այո՛, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Այո, անկասկած, ապագա կա, ընդ որում, դեռևս հնարավոր է լավը դարձնել այդ ապագան, փրկել՝ ինչ հնարավոր է: Նորից կրկնենք, վստահ ենք, որ ապագա կա, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի ու իրեն ծափահարող «ուսապարկերի»։Ապագա խորտակողը, հավատի, հույսի ու լույսի վաճառականը նախ՝ բարոյական իրավունք չունի խոսել ապագայից, առավել ևս հուսալ՝ կառուցել այդ ապագան։ Այո, խորհրդարանական ընտրություններից հետո հայ ազգը կսկսի նորից կառուցել իր ապագան, բայց առանց քեզ, Նիկոլ, առանց պոպուլիզմի, առանց ստի ու կեղծիքի, առանց անհավասարակշիռ վարքագծի։ Մնում է մինչև ընտրությունները մի նոր պատուհաս ու աղետ չբերես երկրի գլխին։
Անի Առաքելյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում