ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական շահերի համար պայքարն այսօր փոխարինվել է ընտրական գործընթաց կոչվող ֆարսով. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության գործողություններից բխող մարտահրավերների, ավերիչ հետևանքների մասին հանրությանն այս երեք տարիների ընթացքում բազմիցս է զգուշացվել: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ այս համատեքստում հիշեցնելով, այդ թվում նաև 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովում իր ունեցած ելույթը:

«Գործող իշխանության համար պետական, ազգային շահ գոյություն չէր ունեցել, քանի որ պարտությունը պատրաստվել է այս տարիների ընթացքում, չունի և չի ունենալու: Պայքարը լրիվ այլ դաշտում է, իշխանության մնալու, մեղքն ուրիշների վրա բարդելու պայքար է», - նշել է նա:

Վերլուծաբանը համակարծիք է Միքայել Մինասյանի՝ օրերս հրապարակված «Երկիր թակարդ» վերտառությամբ հոդվածում ստեղծված իրավիճակին տրված բնութագրին. «Իրականում մենք գտնվում ենք թակարդում», - ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանը նաև մեկնաբանել է հոդվածում առկա կարևոր թեզերից մի քանիսը: Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել այն թեզի վրա, որ այսպես շարունակվելու պայմաններում մենք կարող ենք կորցնել նաև Արցախի մնացած հատվածը և կանգնել Արցախի հայաթափման հարցի առաջ:

«Այս իշխանությունները պետք է չլինեն, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական ճանապարհով պայքարել օրակարգի ցանկացած նրբության համար՝ նպատակ ունենալով չկորցնել Արցախը, մինիմիզացնել, չեզոքացնել Սյունիքի հետ կապված վտանգները: Սա այսօրվա պայքարի դաշտ է», - նշել է վերլուծաբանը:

Նա ևս համակարծիք է Միքայել Մինասյանի հոդվածում արտահայտած տեսակետի հետ, որ ռազմական ճանապարհով մենք առաջիկայում ի վիճակի չենք լինելու լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք Ադրբեջանի կեցվածքը, տեսնում ենք, որ իշխանության կողմից պատրաստված ավերիչ պատերազմի, ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի արդյունքում հասել ենք մի վիճակի, երբ պաշտպանվելու ռազմական հնարավորություններն աննկարագրելի սակավ են և արագ չեն վերականգնվելու», - նշել է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանը համամիտ է այն մտքի հետ, որ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռման կամ կոմպլեմենտարիմզի մասին խոսելը լինելու է շատ ավելի բարդ, քանի որ այս իշխանություններն իրենց ապիկարությամբ վերջին երեք տարիներին վատնել մեր ռեսուրսները: 

Ստեղծված իրավիճակում, Կարեն Բեքարյանը ևս գտնում է, որ այսօր անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը կարողանա բանակցել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, որը միաժամանակ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում:

«Այս նուրբ խաղի մեջ պահանջվում է կամք, պետական, ազգային շահերի համար մարտնչելու պատրաստ իշխանություն, որն իրավիճակը կդարձնի այնպիսին, որ ռիսկերը գնահատվելուց հետո մինիմիզացվեն, իսկ հնարավորություններն էլ կապիտալիզացվեն», - նշել է նա:

Սակայն այս ամենը, ըստ վերլուծաբանի, այսօր չկա. «Այս ամենն այսօր փոխարինված է ընտրական գործընթաց կոչվող ֆարսով», - եզրափակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular