ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես հույսս կապում եմ նոր ձևավորվող հասարակական-քաղաքական համակարգի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետ է դրվել: Այս թեմայով զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի հետ։  

Հարցին, թե  այդ հենակետերը արդյոք կարող են Սյունիքում պահպանել անվտանգությունը, Հրանտ Խաչատրյանը ասել է․ «Անվտանգությունը` երկրի ինքնիշխանության որոշակի բարձր մակարդակի վրա ճկուն ներքին ու արտաքին քաղաքականությունն է, որն ապահովում է նաև անվտանգությունը: Որովհետև անվտանգությունն ինքնուրույն ֆակտոր չէ: Ամեն օր մարդկանց ճնշում են անվտանգություն բառով, որն իրականում ենթադրում է ոչ թե անվտանգություն, այլ վտանգների շեշտադրում: Իսկ առանց գործ անելու անվտանգությունից խոսելն, ըստ էության, անընդհատ վտանգները շեշտելու գործընթաց է: Այդ իմաստով, առաջին բանը, որ ես ակնկալում եմ` այն է, որ Արցախը պետք է հայտարարվի Հայաստանի անբաժան մաս և Արցախի տարածքում բնակչությունը օգտվի նույն իրավունքներից, ինչ մենք ենք օգտվում Երևանում կամ ՀՀ մյուս մարզերում: Եթե դա կատարվի, ես կհամարեմ, որ Հայաստանը վերադառնում է ինքնիշխանության վերականգնման ուղուն: Եթե դա տեղի չունենա, ապա դա կնշանակի, որ շարունակվում է 30 տարի շարունակվող գործընթացը: Այսինքն, Արցախը որոշակիորեն օտարեցինք օրենսդրորեն և մեր մտքերում, որի հետևանքով Արցախը հայտնվեց ավելի վտանգավոր գոտում, քան ամբողջ Հայաստանն էր, և այդ հատվածը արդեն կուլ են տալիս: Հիմա խոսակցությունները գնում են Սյունիքի մասին, հայրենասեր ուժերի կողմից Սյունիքը պաշտպանելու համար նրա ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու, ընդհուպ մինչև Նժդեհի օրինակով Լեռնահայաստանի Հանրապետություն հռչակելու մասին, որը նույն ճակապարհն է, ինչը կատարվեց Արցախի հետ: Այս իմաստով գլխավոր գործընթացները պետք է կարգի ընկնեն, պետք է քարոզչությունը լինի ոչ թե ապակողմնորոշող, այլ տրամադրող, որպեսզի բոլորին տրամադրի ամենօրյա եռանդուն աշխատանքի, երկիրը կառուցելու, վերականգնելու և ընդհանուր առմամբ ուժեղանալով անվտանգության մասնավոր խնդիրը լուծելու գործին: Մնացածը դետալներ են, որոնք և հիասթափեցնող են և թևաթափ անող: Այդ մասին խոսելը, այն էլ բարձրաձայն, ես ճիշտ չեմ համարում, որովհետև ժողովրդի մեծ զանգվածներին հուսահատեցնում է»։

Հարցին, թե արդյոք իշխանությունները համարժեք քայլեր կատարում են անվտանգության պահպանման համար,  Հրանտ Խաչատրյանը  պատասխանել է․ « Ոչ իշխանությունը,  ոչ էլ ընդդիմության զգալի մասը այդ ուղղությամբ չի  աշխատում։ Ես ավելի շատ հույսեր եմ կապում նոր ձևավորվող հասարակական-քաղաքական համակարգի հետ, որովհետև նոր մարդիկ են ներգրավվում, որոնք նախկինում չեն ցանկացել քաղաքականությանը մասնակցել, հիմա տեղից շարժվում են, քան ասենք առկա իշխանության և նրա տեսանելի ընդդիմության հետ, որովհետև նրանք նույն խաղի տարբեր դերակատարներ են: Ես մինչև չլսեմ, որ իշխանությունը  կամ իշխանության եկող ուժը վստահորեն հայտարարում է, որ Արցախը վերականգնվելու է որպես Հայաստանի մաս՝ իր բոլոր իրավունքներով, մնացած բոլորին և ամենը համարելու եմ իմիտացիա, օտարի խաղի մասնակցությամբ:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular