ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականություն ոչ մի բանի մասին՝ պարտվողական, հանձնողական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմի ժամանակ Հայաստանը մնացել էր գրեթե միայնակ։ Եթե չլիներ Ռուսաստանի և Իրանի դերակատարությունն ու օգնությունը անհնար է պատկերացնել, թե ինչ մնացած կլիներ Հայաստանից, Արցախի մասին էլ չեմ խոսում։ Շատ է հիմա խոսվում, հիմնականում հակառուսական հոսանքների կողմից, թե Ռուսաստանը բավարար աջակցություն չի ցուցաբերել իր ռազմավարական դաշնակցին, որ Ռուսաստանի մեղքով է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել և այլն։ Այս ամենը մանրամասն քննարկելու հարկ չեմ տեսնում, քանի որ սա պարզ մանիպուլյացիա և կեղծիք է հերթական անգամ պատերազմի և դրանում կրած պարտության մեղքն այլոց վրա գցելու համար։ Խնդիրն այլ շերտեր ունի։ Եվ խնդիրն այն է, որ 2018թ.-ին Հայաստանում իշխանությունը զավթեց հակառուսական քաղաքականություն քարոզող մարդկանց խումբ, որն, իհարկե, պիտի հաջորդ օրն իսկ սկսեր գովերգել, թե ինչ լավ բան է ՀԱՊԿ-ը, բայց զուգահեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատեր, պիտի ասեր, թե ինչ լավ բան է ԵԱՏՄ-ն, բայց զուգահեռ իր ուղեծրում գտնվող գրանտակերներին ուղարկեր ՌԴ դեսպանատան առաջ ցույցեր անելու, Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու։ Պիտի մի ողջույնի խոսքում Պուտինին 11 անգամ շնորհակալություն ասեր, բայց զուգահեռ վարկաբեկեր ռուսական Իսկանդերը, և ՌԴ-ում ապրող և աշխատող մարդկանց հետ հանդիպմանը Ռուսաստանից բանբասեր։

Հիշո՞ւմ եք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում Նիկոլը մեղադրում էր Ռուսաստանին, իր՝ վարչապետ ընտրվելուց մի քանի ամիս առաջ, նախաձեռնել էր գործընթաց ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու նպատակով։ Սրանք փաստեր են, որոնք ոչ միայն վերջին երեք տարում, այլ դրանից առաջ էլ պարարտ հող էին նախապատրաստում հայ-ռուսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի հասցնելու և մեծ հաշվով պատերազմում նման արդյունք ապահովելու համար։ Ի դեպ, Հայաստանի իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև մեզ բարեկամ և գործընկեր այլ պետությունների հետ են փչացրել բոլոր տիպի հարաբերությունները, պարզապես եթե ինչ-որ բան էլ մնացել է, ապա այն պատճառով, որ մեր ավանդական բարեկամ երկրները ոչ թե Հայաստանի իշխանություններին են համարում լավը կամ բարեկամ, այլ հայ ժողովրդին։ Իհարկե չպիտի մոռանանք նաև, որ դիցուք թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանն ու Չինաստանը մեր տարածաշրջանում ունեն գերակա շահեր և հաճախ առաջնորդվում են այդ շահերով։ Միայն հասկանալի չէ, թե ի՞նչ շահեր ունի Հայաստանը, որտեղ ու որ երկրների հետ են դրանք համադրելի։

Թերևս պատերազմից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի շահերը, իշխանությունների թեթև ձեռքով, համադրելի են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Սա է փաստը, որից չես փախչի։ Անխնա հանձնում են ինչ պատահի, ինչ ուզում է Ալիևը։ Չկա դիմադրություն։ Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ քաղաքականություն ոչ մի բանի մասին, պարտվողական, հանձնողական։ Ակնհայտ է, որ Հայաստանը այսպես երկար չի կարող գոյատևել, եթե չվերանայվեն և չվերականգնվեն գործընկեր և բարեկամ երկրների հետ հարաբերությունները, միջազգային կառույցներում բնականոն ռելսերի վրա չդրվի հայկական պատվիրակությունների աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն կարող և որ ցավալին է՝ չեն ուզում դա անել։ Իսկ այս ողջ ընթացքում երկիրը շարունակվում է պատառ-պատառ կազմաքանդվել։ Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չկա, դա արդեն աքսիոմ է, որն ապացուցելու կամ հիմնավորելու անհրաժեշտություն չունի։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular