Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը. նա մարմնավաճառներ է բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: NEWS.am-ի տեղեկություններով, նա ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում:
Ավելի վաղ ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին եւ Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված եւ անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի եւ Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: