ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Առաջարկներ ստացել եմ գրեթե բոլոր կուսակցություններից. Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական իրավիճակի մասին զրուցեցինք ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

– Տիկին Հովսեփյան, մոտենում է Մայիսյան եռատոնը: Ի վերջո, 2020-ի պարտությունից հետո ի՞նչն ենք նշելու:

– Պետք է հայ ժողովրդի ոգու տոնը նշենք: Այո, խայտառակ պարտության ականատեսը եղանք, ականատես եղանք նաեւ Շուշիի նվիրմանը, եւ թե այսօր ինչպես է Ադրբեջանը վերաբերվում Շուշիի հետ: Այս ամենի համատեքստում խոսել տոնի մասին, շատ բարդ է, բայց մենք չպետք է դադարենք հիշատակել այն բոլոր մարդկանց վառ հիշատակը, ովքեր իրենց դեռ թաց արյունով մեզ հիշեցնում են, որ դեռ պարտք ունենք կատարելու, վերադարձնելու այն, ինչն իսկապես նվիրվել է, վերադարձնելու այն, ինչ իսկապես մերն է: Մայիսի 9-ին Եռաբլուր գնացող երթին կմիանամ նաեւ ես: Դա կլինի ոչ թե տոն, այլ` սգո օր: Մենք դեռ կորած մարմիններ ունենք, ունենք սգացող մայրեր եւ ունենալու ենք: Ի լուր աշխարի` պարտավոր ենք ասել, որ ոճրագործություն է եղել, եղել է դավաճանություն եւ ճնշում, եւ այսօր մենք չունենք Շուշի, Հադրութ, ուստի Մայիսյան եռատոնը տոնել չենք կարող:

– Օրեր առաջ թշնամու կողմից խոշտանգվեց ավելի քան 19 ռազմագերի: Նրանց թվում, ցավոք, կային նաեւ կանայք: Այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք իշխանավորների երջանիկ դեմքերը, ականատես ենք լինում նրանց հռհռոցների եւ ծափերի: Ի՞նչ գնահատական կտաք սրան:

– Որեւէ գնահատական չեմ տա: Ես թողնում եմ, որ հանրությունը տեսնի եւ տա իր գնահատականը: Իրավունք չունեմ գնահատական տալու: Ես իմ գնահատականն արդեն տվել եմ` չլինելով այդ ամենի մեջ:

– Նշեցիք, որ կորցրածը պետք է վերադարձնենք: Գործող իշխանության հետ հնարավո՞ր է ինչ-որ բան վերադարձնել:

– Քանի կա այն մտածողությունը, որ 2020 թվականին այլընտրանք չկար, քանի կա այն մտածողությունը, որ Շուշին ոչ թե հանձնվել, այլ` գրավվել է, քանի կա այն մտածողությունը, որ բոլոր դավաճանությունները եղել են գեներալների եւ նախկինների կողմից, եւ քանի կա ստորադասված արժանապատվությունը, որեւէ բան վերադարձնել չենք կարող: Հանրության շրջանում պետք է արժանապատվությունը վերականգնել, երբ վերականգնվի, կապ չունի կլինի այս իշխանությունը, թե մեկ այլ, նրանք ի վերջո մարդիկ են, ապա նրանք ուղղակի ստիպված կլինեն ենթարկվել այն հասարակությանը, որը պահանջում է հաշվի նստել իր հետ: Այսօր մարդիկ ասում են, որ Նիկոլը փրկիչ է եւ այլընտրանք չուներ, ոչինչ անել չէր կարող, ասում են, որ Նիկոլն էսքան երեխայի կյանք փրկեց, բայց որեւէ մեկը չի խոսում, որ ազգի սերուցքն ուղղակի ոչնչացվել է:

– Նշվում է, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք ինչ-որ առաջարկներ չե՞ք ստացել:

– Առաջարկներ ստացել եմ, սակայն որեւէ մեկի հետ, որեւէ հարց չեմ քննարկել, ի սկզբանե մասնակցելու ցանկություն չեմ ունեցել: Իմ տեսադաշտում չկա այն ուժը, որի հետ կցանկանամ քաղաքական ճանապարհ անցնել: Ես մի անգամ արդեն սխալվել եմ, չէի ցանկանա նորից սխալվել: Խոստումներ տվողները պետք է ապացուցեն, որ այդ խոստումների կրողն են:

– Այսինքն` Ձեզ հաջորդ խորհրդարանում չե՞նք տեսնի:

– Շատ քիչ է հավանական, որ հաջորդ խորհրդարանում ես լինեմ:

– Իսկ կոնկրետ ո՞ր կուսակցություններից եք առաջարկ ստացել:

– Թույլ տվեք չասել: Գրեթե բոլոր կուսակցություններից առաջարկներ եմ ստացել, բայց անգամ քննարկման չեմ գնացել: Քանի դեռ իմ պատկերացրած երրորդ բացարձակ հայամետ ուժը չի ձեւավորվել, ես չեմ գնա ընտրության: 

Հայկ Գևորգյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular