ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի շրջանակում ավտոմատ կլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  պաշտոնական այցով Հայաստանում էր։ Լավրովը այցի ժամանակ հատուկ ընդգծեց, որ կողմերը չպետք է շեղվեն նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ փաստաթղթի կետերից։ Սակայն այդ կետերի մեջ անդրադարձ չկա Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի Արցախի կարգավիճակի հարցը դարձնել օրակարգի հարց քաղաքագետը պատասխանել է․

«Այդ հարցը մասամբ դրվել է շրջանառության մեջ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից և Ռուսաստանը դա չի կարող անտեսել: Փաստ է, որ կարգավիճակի հարցը հիմա քննարկվում է, ուղղակի մեզ համար լավ կլինի, որ նաև բանակցությունները վերսկսվեն Մինսկի խմբի շրջանակում, որը ավտոմատ կլուծի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հարցը:  Չէի ասի, որ եթե Ռուսաստանն այսօր հիացած չէ այդ հարցով, վաղը դեմ կլինի: Օրինակ՝ Ռուսաստանն ակնհայտ դեմ էր, որ Հայաստանը գերիների հարցը քննարկման հարց դարձնի ԵԽԽՎ-ում, բայց երբ հայկական կողմի ջանքերն արդյունք տվեցին, Ռուսաստանն ասաց, որ դեմ չէ:  Մենք պետք է շարունակենք այդ գիծը, շատ կոշտ ձևով պետք է նշել, որ տարածաշրջանի ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ հայ ռազմագերիները չեն վերադարձվել, և ոչ մի քննարկում չպետք է լինի՝ Մինսկի խմբի ձևաչափից դուրս»։  

Հարցին, թե Երևանից  անմիջապես Բաքու Լավրովի այցը ինչո՞վ է պայմանավորված, քաղաքագետը պատասխանել է․

«Պատահականություն չեն այդ այցերը, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ օրակարգի գլխավոր հարցը Ղարաբաղի հարցն է, քանի որ Ռուսաստանը ստանձնել է միջնորդի դերն այդ հարցում, պարզ է, որ եթե զինադադարի պայմանավորվածությունը խախտվի, դա կլինի իրենց խայտառակությունը: Իրավիճակը փոխվել է այն առումով, որ եթե նախկինում չէին հետաքրքրվում Հայաստանի կարծիքով, ապա հիմա նույն այդ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստիպված են մեր կարծիքը հաշվի առնել: Այս փոփոխությունը կատարվեց շնորհիվ Եվրամիության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վարած քաղաքականության, այն փաստը, որ այս երեքը կոշտ քննադատում են Ադրբեջանի պահվածքը գերիների հարցով, որ ընդգծում են Մինսկի խմբի կարևորությունը՝ բանակցությունների գործում, սրանք աշխատում են հօգուտ մեզ, և Ռուսաստանը, ուզած-չուզած, հաշվի է նստում դրա հետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular