ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը Նիկոլ Փաշինյանի անփառունակ գործունեության հետևանքով է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, ժամը 16-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ-ն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կհայտարարեն համագործակցության մեկնարկի մասին։ Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը։ Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Հարցին, թե փաստաբանն ինչպես է վերաբերում այդ հայտարարությանը, Նորայր Նորիկյանը պատասխանել է․

«Ցավոք, Նիկոլ Փաշինյանի անփառունակ գործունեության հետևանքով մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատություն մուրալու փոխարեն Ազատության հրապարակում Շուշիի ազատագրման օրը հանրահավաք պետք է անի: Սա համարում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Բացի այդ, սա վկայում է մի խորհրդանիշի մասին, երբ տարիներ շարունակ ազատության գաղափարները պղծած, ազատության գաղափարները շրջանցած, ժողովրդավարական արժեքները ոտնահարած, ընտրական համակարգը պղծած, ընտրությունների ժամանակ բռնությունը որպես գործիք օգտագործած քաղաքական ուժերը պարզապես ծիծաղում են գործող իշխանության և մեր ժողովրդի վրա: Նրան Ազատության հրապարակ բերել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրան լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանը, սա ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»։  

Հարցին, թե ինչպես է գործող իշխանությունը լեգիտիմություն տվել Քոչարյանին, երբ նրանց իշխանության օրոք է քրեական գործեր հարուցվել Քոչարյանի դեմ, փաստաբանը պատասխանել է․

«Առհասարակ այլ հարց է, թե գործող իշխանությունն ինչ է ասել կամ արել: Մենք լուրջ մարդիկ ենք, խոսում ենք արդյունքների մասին: Իսկ արդյունքները ոչ միայն ցավալի են, այլև՝ ողբերգական: Գալ իշխանության կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով ու տապալել այդ գործընթացը այնպես, որ բոլոր կոռուպցիոներները դարձել են քաղաքական գործիչներ ու ցանկանում են ռևանշի միջոցով հասնել իշխանության, ի՞նչ քրեական հետապնդման մասին խոսք կարող է լինել: Վերջերս Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ հայտարարում էր, թե բանտերը դատարկել են, բայց բոլոր հանցագործները մնացել են ազատության մեջ: Հենց սա է տարբերությունը, և մենք հենց դա նկատի ունենք, որ ասում ենք՝ բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է ազատություն մուրային, վայելում են իրենց ազատությունը: Ինչո՞ւ պետք է մեր ժողովրդի վզին փաթաթեին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ պետք է մարդկանց դնել այսպիսի դիլեմայի առջև՝ կամ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին, կամ նախկին իշխանություններին, կամ Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ: Կասե՞ք: Որտե՞ղ է սրա բարոյականությունը, որ ես կամ պետք է ընտրեմ Նիկոլ Փաշինյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին»։  

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular