ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պատմության այս 4 տարին անարդյունավետ է անցել․ տնտեսագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությանը թվում է, թե ինքն ավելի ուժեղ է, քան իրականում կա, բայց իրականում ավելի թույլ է, քան կարծում է։ NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի եռամյա կառավարության գործունեությանը, ասաց գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Կառավարությունը սկզբից ուներ տեսակետ, որ կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարը բավարար է, որ տնտեսությունը զարգանա, ներդրումներն անձրևի պես լցվի մեր գլխին։ Մինչդեռ տնտեսական բազմաթիվ այլ լծակներ պիտի կիրառվեին, որ տնտեսությունը զարգանար։ Նրանց հաշվարկները ճիշտ դուրս չեկան»,- փաստեց տնտեսագետը և հավելեց, որ 2019-ի տնտեսական աճը նախորդ ժամանակաշրջանի բարեփոխումների արդյունք էր։ Կորոնավիրուսով պայմանավորված 2020-ը, ըստ նրա, դարձավ արգելակման տարի, տնտեսությունն արգելափակվեց, իսկ 2021-ը կանցնի պատերազմի հետևանքներով։ «Կստացվի 4 տարի, որ Հայաստանի պատմության ընթացքում ոչ արդյունավետ է անցել, իսկ դա քիչ ժամանկահատված չէ։ Կառավարությունը կարող է հպարտանալ այն դեպքում, որ այս ընթացքում գոնե կարողանար տնտեսությունում այնպիսի հենասյուններ, մոդելներ ստեղծեր, որ հետագա զարգացումների համար հենք լինեին։ Կառավարության գործելակերպում մարտահրավերները հաղթահարելու գործիքներ պիտի տեսնեինք, ոչ թե դասական, այլ արտառոց գործողությունները»։

Մակարյանի դիտարկամամբ, այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ տնտեսությունն է ինքն իրենով առաջ գնում, բազմաթիվ անորոշություններ են ավելացել, մարտահրավերները չեն դասակարգված։ «Այսօր պետության անվտանգությունը, բիզնեսի անվտագությունը երաշխավորված չեն, ներդրումները չեն խթանվում, առաջացել են սոցիալական բազմաթիվ խնդիրներ, աշխատուժի լուրջ դեֆիցիտ է առաջացել, որովհետև կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով շուրջ 20 հազար մարդ կոտորվեց ու դարձավ վիրավոր։ Եթե տարիքային ցենզը, Արցախի բնակիչներին էլ հանենք շուրջ 10 հազար Հայաստանի բնակիչներ, որ երիտասարդ աշխատուժ էր, չմտավ աշխատաշուկա։ Սա կհանգեցնի արտադրողականության անկման։ Արտաքին պարտքն ավելացել է։ Մոտ 1,9 միլիոն դոլարի դրսում դատական վեճեր կան կապված Ամուլսարի հետ։ Եթե Հայաստանը պարտվի, պետական պարտքն էլի կավելանա»,- խնդիրների փունջը թվարկում է տնտեսագետը և ընդգծում, որ այս ամենին գումարվում է նաև այն, որ նախարարների, մարզպետների կառավարման որակը չեն համապատասխանում ներկա մարտահրավերներին։

Այսօր խորհրդարանում Փաշինյանը խոսեց տարբեր ոլորտների աննախադեպ աճերի, խորքային բարեփոխումների մասին, այդ թվում, գույքահարկի հետ կապված փոփոխությունը դարակազմիկ որակեց, մինչդեռ Գ․ Մակարյանը նշում է, որ իրականում այդ փոփոխությունն ավելի վատ իրավիճակ ստեղծեց ոլորտում։ «Այնտեղ թանկացման հետ կապված կան թաքնված  ռիսկեր, որոնք կարող են ներդրողներին վանել։ Գույքահարկի փոփոխությունն ավելի շուտ բացասական ազդեցություն ունեցավ։ Կառավարությունը ցանկություն է ունեցել դրանով ճնշել հարուստներին, ունևորներին։ Ընդհանարպես Հայաստանում պետք է դրական վերաբերմունք լինի ունեցվածքի և հարստության վերաբերյալ։ Պետությունը պիտի գնա այնպիսի բարեփոխումների ճանապարհով, որ իր բնակչությանը հարստացնի, ոչ թե հարուստին աղքատացնի։ Մինչդեռ մեզանում միտումը հակառակն է՝ վերևից ճնշելով բերել ներքև»։

Փաշինյանի կառավարությունը չհաջողեց նաև այն պատճառով, որ, ըստ գործատուների միության նախագահի, չլսեց, անտեսեց մասնագետներին, որոշ պաշտոնյաներ համարեցին, որ իրենք ամեն ինչ գիտեն, իսկ իրականում պետք է հաշվի նստեին տարբեր հեղինակավոր կառույցների կարծիքի, ճգնաժամային շրջանում կառավարման միջազգային փորձի հետ։ «Եթե անգամ համարենք, որ պատերազմն անխուսափելի էր, դրանից հետո ի՞նչ է անում կառավարությունը։ Պատկերացնու՞մ է մարտահրավերների հետագա հետևանքները, ի՞նչ միջոցառումներ պիտի անի։ Կառավարությունը պիտի մի փաստաթուղթ հանրությանը ներկայացներ այդ առումով»,- ասաց նա՝  նկատելով, որ ԱԺ-ն իր ժամանակի մեծ մասը ծախսում է վիճաբանությունների վրա կամ ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք այս պահին հրատապ չեն, այնինչ պրոֆեսիոնալ թիմերի հետ այսօրվա մարտահրավերները չեզոքացնող օրենքների վրա պիտի աշխատեր, Հայաստանի վարկը աշխարհում բարձրացներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular